Թիլերսոնն աշխատում է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ. շատ, շատ կամացուկ

US_NEWS_TRUMP-TILLERSON_SIPA-1

«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թրամփի արտաքին քաղաքականության թիմում հաճախ ներկայանում է որպես սակավախոս գործիչ: Սակայն, խուսափելով մամուլի ուշադրությունից, նա, ըստ երեւույթին, լայն մարտավարություն է մշակում, որն ուղղված է Չինաստանի հետ համագործակցությանը՝ հյուսիսկորեական ճգնաժամը լուծելու համար, եւ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի եւ Սիրիայի կայունացման նպատակով»,- The Washington Post-ում հայտնում է Դեյվիդ Իգնատիուսը:

«Թիլերսոնի մոտեցումը հիմնված է անձնական  դիվանագիտության եւ Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ ուղղակի կապերի վրա, իսկ Հյուսիսային Կորեայի հետ իրականացվում է անձնական կապերով: Նրա հիմնական մարտավարությունն այսպիսին է. եթե Միացյալ Նահանգները կարողանա նրբանկատորեն ղեկավարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները եւ թույլ տա այդ առաջնորդներին իրենց վերագրել հաղթանակի դափնիները, ապա բարդ կրոնական խնդիրներն արդյունավետորեն կլուծվեն»,- ասվում է հոդվածում:

«Թիլերսոնը Պուտինին ճանաչում է 1999թ.-ից եւ նրան կանխատեսելի, բայց երբեմն ագրեսիվ առաջնորդ է համարում: Նույնիսկ երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները վատ վիճակում են, Թիլերսոնը ենթադրում է, որ կարող է առանց ավելորդ աղմուկի հասնել առաջընթացի Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերում,- պնդում է Իգնատիուսը: -Ուկրաինայի հարցում Թիլերսոնը համակարծիք է Ռուսաստանի առաջարկության հետ՝ այնտեղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու»:

«Թրամփի մարտական կեցվածքը եւ Թիլերսոնի զսպվածությունն անսպասելի համադրություն է, եւ շատ դիտորդներ կասկածում են, որ նրանց հարաբերությունները երկար կտեւեն: Սակայն Թիլերսոնը, թվում է, դիմանում է ցնցումներին եւ թվիթթներին: Երբ Թրամփն իրեն թույլ է տալիս վնասաբեր մեկնաբանություն, Թիլերսոնը, ըստ երեւույթին, դրան վերաբերվում է որպես քաղաքական լանդշաֆտի մի մաս եւ մտածում է, թե ինչպես դա ի շահ օգտագործել»,- նշում է հեղինակը:

«Հնարավոր է Թիլերսոնն ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ առավել ոչ հրապարակային դիվանագետն է, սակայն դա, ակնհայտ է, նրա ընտրությունն է: Վաշինգտոնյան չափորոշիչներով նա տարօրինակության աստիճան հետաքրքրված չէ, որ այդ նվաճումներն արձանագրվեն իր հաշվին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝