Ջիհադիստների վերադարձը Բալկաններ վախեցնում եւ շփոթության մեջ է գցում եվրոպացիներին

Macedonia Protest

«Եվրոպան բախտի քմահաճույքին է թողել բալկանյան երկրներին, որտեղ «Իսլամական պետությունն» արդեն տեղակայել է իր զինվորիկներին»,- Le Monde-ում գրում է լրագրող, փորձագետ Շարլ Նոնը:

«Բալկանները կորել են ռադիոլոկացիոն էկրաններից Հարավսլավիայի փլուզումից եւ Բոսնիայի պատերազմի ավարտից հետո: Հիմա ԵՄ-ն կարծիքներ է հայտնում տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացման դրական արդյունքների մասին՝ երկրորդային պլան մղելով իրավական պետության եւ ժողովրդավարության պահպանումը: Անվտանգության հարցերում առաջնահերթությունը պատկանում է Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային եւ Սիրիային: Սակայն արմատականացման ամրապնդումն իր մեջ ներառում է պոտենցիալ եւ իրական սպառնալիքներ»,- ասվում է հոդվածում:

«1992-1995թ.թ.-ին Բոսնիայի պատերազմը դրդել է օտարերկրյա իսլամիստ զինյալների հայտնվելուն, ովքեր ժամանել էին Արեւմտյան Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից: Նրանք հայտնվել են տարբեր խմբավորումների մեջ եւ այդ ժամանակվանից նպաստել են նոր տեսակի իսլամի տարածմանը՝ հաճախ կապված վահաբիզմի հետ, որը բավականին հեռու է բալկանյան երկրներին հատուկ հանդուրժող իսլամից: Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից բալկանյան երկրներ մեկնած զինյալների թիվը, ովքեր միացել են «Իսլամական պետությանը», հասել է մինչեւ 800-ի: Բալկաններում ԻՊ-ի մարտիկները հաճախ ստիպում են խոսել իրենց մասին, հանգուցյալ Լավդրիմ Մուհաջերի նման»,- շարունակում է հեղինակը:

«Այդ հարյուրավոր ջիհադիստների վերադարձը, ովքեր սիրիական ճակատամարտերում փորձ են ձեռք բերել, վախեցնում եւ շփոթության մեջ է գցում: ԻՊ-ն արդեն հիմա է Ալբանիան անվանում պոտենցիալ թիրախ եւ կոչ անում գլխատել «անհավատներին» Սերբիայում եւ Խորվաթիայում»,- հայտնում է հեղինակը:

«Եվրապոլի վերջին զեկույցում անհանգստություն կա՝ կապված ծայրահեղականների հավաքագրման, վերապատրաստման տարածաշրջանային ներուժի հետ: Ջիհադիստական ուսումնական ճամբարների գոյության կասկածները հասել են արդեն Սլովենիա՝ ԵՄ-ի խաղաղասեր անդամ-պետություն, որտեղ միջէթնիկական հակասությունները համարվում են ուշադրությանը ոչ արժանի գործոն»:

«Միջազգային հանրության կողմից չեն դադարում տեղական իրողություններին հարմարվելու փորձերը: Սեպտեմբերի 8-ին հավաքվելու են այն երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք ներգրավված են Brdo-Brioni գործընթացում (որն ուղղված է Բալկանյան երկրների եւ ԵՄ մերձեցման խթանմանը), որին աջակցում է «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն սահմանող Ժնեւյան կենտրոն» հիմնադրամը. երկու նախաձեռնություններն էլ վերաբերում են Բալկաններում անվտանգության հարցերին: Նրանք այնտեղ գործի են դնում «ներքին անվտանգության ինտեգրացիոն կառավարումը», այս նոր մեթոդաբանությունը կմիավորի տեղի խաղացողներին, դոնորներին եւ միջազգային հանրությանը երեք կարեւոր հարցերի՝ հակաահաբեկչական պայքարի, կազմակերպված հանցագործությունը կանխելու եւ սահմանների անվտանգությունն ամրապնդելու շուրջ»,- հայտնում է հեղինակը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝