«Հնարավոր են սադրանքներ ինչ-որ երրորդ երկրի դեմ». բելառուս փորձագետ

1028082118

«Ռուսաստանը հերթական անգամ ՆԱՏՕ-ի հետ սահմանին «սառը պատերազմ է խաղում»: 2013թ.-ի զորավարժություններից հետո Կրեմլը կրկին Բելառուսում անցկացնում է լայնածավալ զորավարժություններ՝ 13 հազար զինվորականներով եւ 700 միավոր զինտեխնիկայով, նավերով եւ ինքնաթիռներով: ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հերքել է այն կարծիքը,  թե իբր զորավարժությունները կարող են ցատկահարթակ ծառայել Լեհաստան, Լիտվա կամ Ուկրաինա ներխուժելու համար»: Բելառուսցի ռազմական փորձագետ Անդրեյ Պորոտնիկովը գերմանական Der Spiegel թերթում խոսել է զորավարժությունների հնարավոր ռիսկերի մասին:

«Այսպես, Պորոտնիկովը չի կարծում, որ «Արեւմուտք» զորավարժություններից հետո ռուսաստանցի զինծառայողները, ինչպես մտավախություն ունի Բելառուսի ընդդիմությունը, կարող են մնալ Բելառուսում»: «Ներկա պահին  ոչինչ դա չի մատնանշում: Ավելի շուտ ես մտավախություն ունեմ, որ զորավարժությունների ժամանակ ռուսաստանյան կողմը կարող է սադրանքներ մոգոնել ինչ-որ երրորդ երկրի դեմ Բելառուսի տարածքից»,- հայտնել է քաղաքագետը: «Նախեւառաջ դա հնարավոր է Ուկրաինայի նկատմամբ: Շատ հավանական է, որ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռները խախտեն ուկրաինական օդային տարածքը»:

«Ուկրաինայի ղեկավարությունը խիստ անհանգստացած է այդ զորավարժություններով: Եվ ուկրաինական հակահրթիռային համակարգերը հրաման կստանան զորավարժության ժամանակ չեզոքացնել ցանկացած ինքնաթիռ, որը կհատի սահմանը: Եթե ռուսաստանյան օդանավերը խախտեն սահմանը Բելառուսի տարածքից, իմ կարծիքով, դա տեղի կունենա Բելառուսի հարավային մասում, Կիեւից ոչ այնքան հեռու: Այդ ժամանակ ուկրաինացիները կարող են գործի դնել հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք կարող են ընկնել Բելառուսի տարածքում կամ պարզապես խախտեն օդային տարածքը», կարծիք է հայտնել Պորոտնիկովը:

«Դրա հետեւանքը կարող է լինել այն, որ որպես պատասխան Ռուսաստանը կհամոզի Մինսկին տեղակայել С-400  հակաօդային պաշտպանության համակարգեր Բելառուսի օդային տարածքը պաշտպանելու համար: Արդյունքում ռուսաստանյան երկու  ստորաբաժանումներ կկարողանան բելառուսական տարածքից վերահսկել Ուկրաինայի հյուսիսային օդային տարածքը»:

Այդ դեպքում Կրեմլը, ինչպես ընդգծում է Der Spiegel-ը, տարածաշրջանում նոր ճգնաժամ կստեղծի: Նման սցենարի հնարավորությունը Պորոտնիկովը գնահատում է «երկու տոկոս»:

«Սակայն այստեղ երկու խնդիր կա: Առաջինը, Ռուսաստանում շուտով նախագահական ընտրություններ են: Նախընտրական քարոզչությունն արդեն սկսվել է, սակայն Վլադիմիր Պուտինը մինչեւ հիմա չունի նախընտրական ծրագիր: Սակայն դրա հետ մեկտեղ մենք գիտենք, որ Ռուսաստանում ավանդույթ կա օգտագործել արտաքին քաղաքականության ճգնաժամը, որպեսզի Կրեմլի շուրջ  միավորի ազդեցիկ մարդկանց եւ բնակչությանը: Իսկ երկրորդը, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները  Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի  դեմ ցավոտ էին Մոսկվայի համար, եւ նա ցանկանում է պատասխանել դրանց,- եզրափակում է Պորոտնիկովը: -Արդյունքում Ռուսաստանի հնարավոր պատասխանը կարող է լինել տարածաշրջանային նոր ճգնաժամը»:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝