Համաշխարհային պատերազմները մեկ ակնթարթում չեն սկսվել, այլ մի շարք որոշումների պատճառով

missile

«Հյուսիսային Կորեայի հարցում Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին եւ զբաղեցնում է Պեկինի դիրքորոշումը: Ռուսաստանցի նախագահն «անօգուտ եւ անարդյունավետ է» անվանել Փխենյանի վարչակազմի դեմ պատժամիջոցների հետագա կիրառումը որպես պատասխան նրա միջուկային եւ հրթիռային փորձարկումներին, ինչը աշխարհին ստիպում է դողալ»,- իտալական La Stampa-ում հայտնել է Ջուզեպպե Ալյաստրոն: «Այո, նրանք խոտ էլ կուտեն, բայց չեն հրաժարվի այդ միջուկային ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,- հեղինակը մեջբերում է Ռուսաստանի նախագահի չինական Սյամեն քաղաքում տեղի ունեցած Բրիքսի գագաթաժողովի ժամանակ հնչեցրած խոսքերը:

«Այդ խոսքերն ակնհայտ կերպով բախվում են Հյուսիսային Կորեայի դեմ Վաշինգտոնի սահմանափակման միջոցների խստացման մտադրությանը, որն իրականացնելու են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւով: Սակայն դրանք համընկնում են Փխենյանի գլխավոր գործընկեր Չինաստանի հայտարարությանը, ով պնդում է, որ Կիմ Չեն Ինի հետ պետք է «երկխոսությունը» վերսկսել»,- մեկնաբանում է թղթակիցը:

«Այսպիսով Պուտինն ամբողջությամբ հավատարիմ է Պեկինի «կրկնակի սառեցման» դիրքորոշմանը, համաձայն որի ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական մանեւրները Սեուլի բանակի հետ եւ հակահրթիռային համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայում ու Ճապոնիայում,  իսկ Փխենյանը դրա փոխարեն պետք է վերջ դնի միջուկային փորձարկումներին: Սակայն հեշտ է ասելը, քան անելը»,- նշում է հեղինակը:

«Փորձագետները տարակարծիք են այն հարցում, թե որքան է միջուկային զենքը Փխենյանի համար համարվում զսպման միջոց  ռեժիմը պահպանելու համար, եւ որքան՝ ագրեսիայի պոտենցիալ գործիք,- շարունակում է լրագրողը: -Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ատոմային ռումբով Կիմ Չեն Ինը համոզված է, որ ԱՄՆ-ն չի կարող հարձակում գործել եւ որ նա կարող է կատարելագործել իր զինանոցը՝ չվախենալով ավարտել Սադամի եւ Քադաֆիի նման: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նախազգուշացնում է. «համաշխարհային պատերազմները մեկ ակնթարթում չեն սկսվել, այլ մի շարք որոշումների պատճառով, որոնք ընդունվել են տարբեր պետությունների կողմից»: «Ընդհանուր առմամբ, լավ կլինի պատմությունից դասեր քաղել»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝