Սերեբրեննիկովը եւ ռուսաստանյան հատուկ ծառայությունները

KMO_160257_00057_1_t218_153211

«Կիրիլ Սերեբրեննիկովն ընդհանրապես նման չէ ահաբեկչության մեջ կասկածվող անձի, ով իրենից վտանգ է ներկայացնում, ագրեսիվ տեսք եւս չունի: Սակայն Մոսկվայի դատարանում թատերական ռեժիսորին, ում մեղադրում են ֆինանսական խարդախությունների մեջ, հրմշտում էին ԱԴԾ-ի դիմակավոր աշխատակիցները, ինչը չէր կարող տարակուսանք չառաջացնել»,- գրում է ավստրիական Der Standard-ը:

«ԱԴԾ-ի բաժիններից մեկը, այսպես կոչված, 2-րդ վարչությունը, վերահսկում է մշակույթի նախարարությունը: ԱԴԾ-ի նախկին պաշտոնյա Ալեքսանդրա Միխայիլովայի խոսքերով՝ «թատրոնները եւ թանգարանները գտնվում են սահմանադրական կարգի պահպանման ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում: Այնտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր հասկանում են, թե ինչ է մշակույթը եւ արվեստը: Մշակույթի օբյեկտները կարող են օգտագործվել թշնամական քարոզչություն տարածելու համար»:

«Ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, ներկայումս մշակույթի բոլոր խոշոր օբյեկտներում հայտնվել են «վերահսկողներ» հատուկ ծառայություններից, ես անձամբ տեսել եմ նրանց»,- ավստրիական թերթին հայտնել է մշակույթի պետական հաստատության աշխատակիցներից մեկը:

«Ժամանակին  ՊԱԿ-ի (КГБ) 5-րդ վարչությունը պատասխանատու էր գաղափարախոսության եւ մշակույթի համար: «1989թ.-ին այն վերանվանվեց խորհրդային  սահմանադրական կարգի պահպանության ծառայություն: Խորհրդային տարիներին այնտեղ աշխատող անձինք պետք է աքսորեին կամ կեղծ դատական գործընթացների միջոցով ազատազրկման դատապարտեին մշակույթի գործիչներին: Այդ ամենին վերջ դրեցին Գորբաչովը եւ նրա վերակառուցումը, ՊԱԿ-ը զրկվեց երկրի մշակույթը վերահսկելու իրավունքից: Հիմա իր նախորդի հետքերով է գնում ԱԴԾ-ն»,- ասվում է հոդվածում:

«2006թ.-ից սկսած ծառայությունը, որը զբաղվում է Սերեբրեննիկովի գործով, ղեկավարում է  գեներալ-գնդապետ Ալեքսեյ Սեդովը: 1980-ական թ.թ.-ին նա աշխատել է ՊԱԿ-ում՝ Լենինգրադում: Մինչ իր վերջին նշանակումը Սեդովն աշխատել է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վարչությունում եւ եղել է գեներալ Վիկտոր Չերկեսովի տեղակալը, ով 1980-ական թ.թ.-ին ղեկավարել է ՊԱԿ-ի 5-րդ վարչությունը»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝