Ռուսաստանի միջուկային ծրագիրը խախտում է պայմանավորվածությունները

gruppovoj-pusk-raket-iskander_8

«ՆԱՏՕ-ում մտածում են ռուսաստանյան միջուկային ծրագրին հակազդելու միջոցների մասին»,- գերմանական Sueddeutsche Zeitung-ում գրում են քաղաքական մեկնաբաններ Լենա Կամպֆը եւ Գեորգ Մասկոլոն: «Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների կարծիքով, նախագահ Վլադիմիր Պուտինը խախտում է զինաթափման մասին ամենակարեւոր պայմանագրերից մեկը՝ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը՝ կնքված 1987թ.-ին, որն արգելում է կողմերին ունենալ 500-ից մինչեւ 5,5 հազար կմ գործողության շառավղով գործող ցամաքային բալիստիկ հրթիռներ եւ թեւավոր հրթիռներ»:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստացել են գաղտնի փաստաթուղթ պայմանագրին չհետեւելու դեպքում հնարավոր պատասխան միջոցների ցանկի հետ միասին: Փաստաթղթում, որը ստացել է «Ի՞նչ կլիներ, եթե» անվանումը, թվարկված են 39 տարբերակներ, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ընդլայնման, հսկողության եւ նախազգուշական կայանների ավելացման, հակասուզանավային պաշտպանության մեծացման եւ B-2 եւ B-52 տեսակների ռմբակոծիչների՝ Եվրոպայի վրայով  թռիչքների աճի մասին: Այդ ամենից բացի, առաջարկվում է բարձրացնել Եվրոպայում տեղակայված ավիաբազաների մարտական պատրաստվածությունը»:

«Միեւնույն ժամանակ փաստաթղթում կտրականապես խորհուրդ չի տրվում նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, ինչպես նաեւ չեղարկել պայմանագիրը եւ սկսել նմանատիպ հրթիռների զարգացումը եւ արտադրանքը: Մասնավորապես, ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ նման քայլը կարող  է հանգեցնել հակաամերիկյան տրամադրությունների աճին»,- հայտնում են լրագրողները:

«Սակայն, ըստ ՆԱՏՕ-ի շրջանակներից ստացված տեղեկության, ամերիկյան վարչախմբում մտածում են այդ միջոցի մասին, նաեւ այն պատճառով, որ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում է գործադրում Կոնգրեսը»:

«Փաստաթղթում շոշափում են նաեւ այն հարցը, թե ինչպես կարելի է Ռուսաստանին վերադարձնել բանակցությունների սեղանին: ՆԱՏՕ-ն արդեն կոչ արել է Ռուսաստանին կառուցողական մոտեցում ցուցաբերել: Ներկայիս ճգնաժամը շատ վտանգավոր ժամանակաշրջանում է եղել, քանի որ ԱՄՆ եւ Ռուսաստանը հայտարարել են իրենց միջուկային զինտեխնիկայի արդիականացման մասին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝