Պուտինի ռազմական խաղերն ահաբեկում են Եվրոպային

DSCF0162-550

«Այս օրերին Կենտրոնական Եվրոպան մեծ անհանգստությամբ է հետեւում Ռուսաստանին: Սեպտեմբերին սահմանի մյուս կողմում մինչեւ 100 հազար ռուսաստանցի զինծառայողներ մասնակցելու են լայնածավալ զորավարժությունների»,- El Mundo-ում գրում է Խավիեր Կոլասը:

«ՆԱՏՕ-ն, որն այս տարի ամրապնդել է իր ներկայությունը Բալթյան երկրներում, որպեսզի կանխի  ռուսաստանյան միջամտությունը, չի նախատեսում ոչ մի պատասխան, թեեւ հետեւելու է ռուսաստանյան բանակի տեղաշարժին եւ խնդրել է Մոսկվային զորավարժությունների թափանցիկությունն ապահովել»,- ասվում է հոդվածում:

«Լիտվական Ռուկլայում, ՌԴ սահմանից 100կմ հեռավորության վրա, ՆԱՏՕ-ն ավելացրել է զորակազմի թիվը: Ժամանակը ցույց կտա՝ բավարա՞ր են արդյոք այդ զսպման միջոցները»,- գրում է հեղինակը:

«Լիտվան պնդում է, որ այդ զորավարժություններն Արեւմուտք ներխուժելու նախավարժանք են: Հուլիսի 31-ին նախագահ Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Լիտվայում: Էստոնիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն նախքան զորավարժությունների մեկնարկը Բալթյան երեք երկրներում մեկական զինվորական գումարտակ է տեղակայելու»,- գրում է թերթը:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր տիրապետությունն այդ գոտում եւ այդպիսով փոխել Եվրոպայի պաշտպանական համակարգը»,- նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսը:

«Ղրիմի անեքսիան եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի միջամտությունը Եվրոպան կրկին առաջնահերթ տարածաշրջան դարձրեցին ՆԱՏՕ-ի համար»,- գրում է հեղինակը:

Վիլնյուսում ռուսաստանցի դեսպան Ալեքսանդր Ուդալցովը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի  ներկայության աճը Ռուսաստանին սահմանակից երկրներում պարտավորեցնում է Մոսկվային լուրջ պատասխան քայլերի գնալ»: Հեղինակը հիշեցնում է՝ 2016թ.-ին Ռումինիայում գործարկվեց ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը՝ Ղրիմից 600կմ հեռավորության վրա: «ԱՄՆ որոշել է կառուցել նման ռազմաբազա նաեւ լեհական Ռեձիկովո բնակավայրում»,- ասվում է հոդվածում:

«Նախորդ զորավարժություններին, 2013թ.-ին, Ռուսաստանը հայտնել էր, որ մասնակցելու է ոչ ավելի,  քան 13 հազար զինծառայող, սակայն ՆԱՏՕ-ն 70 հազար զինծառայող է հաշվել»,- գրում է թերթը:

Հեղինակի խոսքերով՝ Լիտվայի ամբողջ բանակը եւ ՆԱՏՕ-ի գումարտակը գտնվում են մարտական պատրաստվածությունում: «Մեկ գումարտակը շատ  քիչ է լայնածավալ ներխուժման դեմ, սակայն այն իրականացնում է պաշտպանական գործառույթ, եւ եթե ենթարկվի հարձակման կամ վնասներ կրի, դրան կհետեւեն ՆԱՏՕ-ի պատասխան գործողությունները»,- ասում է ռազմական փորձագետ Վայդաս Սալդինասը:

Հեղինակը նշում է. «Վերլուծաբանները եւ կառավարության խորհրդատուները խոստովանում են, որ գումարտակի գոյությունն ավելի կարեւոր է, քան քանակը. Մոսկվան լավ կմտածի, եթե իր գործողություններով մահ պատճառի գերմանացի կամ նորվեգացի զինծառայողների, այլ ոչ թե լիտվացիների կամ ուկրաինացիների»:

«Երկու կողմերն էլ իրավիճակը վտանգավոր են համարում իրենց համար, քանի որ Արեւմուտքը Բալթյան երկրներ ավելի շատ զինծառայող է ուղարկում, իսկ Մոսկվան նույնն է անում, ինչը կարող է հանգեցնել նախապատերազմյան իրավիճակի: Իսկ Բալթյան երկրներում ապրում են ավելի քան 1 մլն մարդ, ովքեր այս կամ այն չափով իրենց ռուս են համարում»,- հիշեցնում է թերթը:

«ՌԴ ԱԳ նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու ռուսների իրավունքները, որտեղ էլ որ նրանք լինեն: Ռուսներին կամ առնվազն ռուսալեզու քաղաքացիներին պաշտպանելու պատրվակը հող ստեղծեց Ղրիմի անեքսիայի համար»,- գրում է հեղինակը:  

«Զորավարժություններն անհանգստացնում են, քանի որ դա կատարյալ միջոց է խոսքը գործի վերածելու համար»,- նշում է հեղինակը: Սալդինասն ամենաթույլ օղակը համարում է Լատվիան. «Այն գտնվում է ռուսաստանցի օլիգարխների ձեռքում, այնտեղ շատ ռուսալեզու քաղաքացիներ կան, կա ներքին շփում, բանակն ավելի թույլ է»: Սալդինասը ներկայացրել է եւս մեկ հնարավոր սցենար. «Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարող են զինել լիտվացի ազգայնականներին՝ նրանց թույլատրելով գրավել որեւէ սահմանամերձ քաղաք, այնուհետեւ նրանք կքաշվեն Լիտվայի խորքերը, եւ Ռուսաստանը կսկսի հակաահաբեկչական գործողություն: Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն ստիպված կիրառելու է կանոնադրության 5-րդ հոդվածը, սակայն, հնարավոր է, որ դաշինքը երկմտի»:

Աղբյուր՝ El Mundo

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝