Հռոմում ոստիկանների եւ փախստականների միջեւ բախումներ են տեղի ունեցել. ջրցանների օգտագործումը՝ բանավեճերի պատճառ

3072

«Փողոցային բախումներ են տեղի ունեցել Հռոմի կենտրոնում, Տերմինի կայարանից 400մ հեռավորության վրա: Շինության պատուհաններից, որը զբաղեցրել են փախստականները 2013թ.-ից, քարեր եւ գազի բալոններ են շպրտել: Լուսադեմին զրահապատ ավտոմեքենաներով շրջափակել են Piazza Indipendenza այգին, որպեսզի այնտեղից ստիպեն հեռանալ  հարյուրավոր փախստականների, ովքեր այգում ճամբար են կառուցել»,- Corriere della Sera թերթում գրում է Մարիա Էջիցիա Ֆիասկետին:

«Երբ նրանք հրաժարվել են շարժվել տեղերից՝ իրենց ճամպրուկներով, նրանց ցրել են ջրցան մեքենաներով,- հայտնում է թղթակիցը: -Հնարավոր էր տեսնել կանանց եւ տղամարդկանց, հիմնականում Եթովպիայից եւ Էրիտրեայից, ծնկաչոք՝ ձեռքերը վեր պարզած: Տեսագրությունում, որը հետո հայտնվել էր համացանցում, լսվում է, թե ոստիկաններն ինչպես են արտահայտվում փախստականների հասցեին. «Նրանք պետք է անհետանան: Եթե նրանք ինչ-որ բան շպրտեն, կոտրեք նրանց ձեռքերը»:

Ինչպես հայտնում է լրագրողը, երեկոյան ոստիկանության բաժանմունքը հաղորդագրություն է տարածել մամուլի համար, որտեղ տեղեկացնում է, որ «տեսագրությունը դիտելուց հետո, որը տեղադրված էր տարբեր կայքերում,  սկսվել է պաշտոնական հետաքննություն, որտեղ արձանագրվել է ոստիկանի՝ բռնության դիմելու կոչը՝ փախստականների կողմից քարեր նետելու դեպքում»:

«Բախումների կադրերը տրամադրվելու են նաեւ Հռոմի դատախազությանը, որը գործ է  հարուցել «իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու» եւ «սպանության  փորձ»-ի հոդվածներով»,- ասվում է հոդվածում: Անցած օրվա միակ դրական պահը մեկ այլ ոստիկանի արարքն էր, ով շոյում է արցունքոտ աչքերով աֆրիկացու գլուխը: 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, նրանց բժշկական օգնություն ցուցաբերել է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը»:

Ինչպես նշում է հեղինակը, շինությունից հեռացրած մարդկանց ապաստանի հարցը բաց է մնում: «Արտակարգ դրություն սահմանելու իշխանությունների որոշումը նույնպես բաավեճեր են առաջացրել: Ձախ կենտրոնամետները խնդրում են ՆԳ նախարար Մարկո Մինիտտիին զեկուցել խորհրդարանին: «Հյուսիսի լիգայի» առաջնորդ Մաթեո Սալվինին եւ «Իտալիայի եղբայրների» նախագահ Ջորջիա Մելոնին, ընդհակառակը,  ողջունում են ոստիկանության գործողությունները եւ պահանջում են երկրից հեռացնել նրանց, ովքեր բռնություն են կիրառել»,- փոխանցում է թերթը:

 

Աղբյուր՝ Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝