Մերկելը կորցնում է հետխորհրդային տարածքից ժամանած 2 մլն գերմանացիների աջակցությունը

image

«Կրեմլի հավակնությունը Ղրիմի նկատմամբ դարձել է գերմանական նախընտրական քարոզչության մասը, հատկապես երկու միլիոն ռուս-գերմանացիների ձայների համար, ովքեր Անգելա Մերկելից շրջվել են պոպուլիստների կողմը, որոնք կարող են առաջին անգամ խորհրդարան մտնել,- բրիտանական The Times թերթում գրում է Դեյվիդ Չարթերը: -Նախկին Խորհրդային Միությունում ծնված եւ դաստիարակված շատ գերմանացիներ հենվում են իրենց նախկին հայրենիքից ստացված նորությունների աղբյուրների վրա, որոնք ներկայացնում են հաղորդումների շարք Գերմանիայում փախստականների հանցագործությունների եւ կեղծ նորությունների մասին, որոնք տեղադրվում են սոցկայքերում Կրեմլի միջոցով»:

«Գերմանիայի արեւմուտքում մարդաշատ նիստերի դահլիճում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է ռուս-գերմանական ամենախոշոր համայնքներից մեկին՝ խոսելով ոչ թե հարկերի նվազման կամ աշխատատեղերի ստեղծման մասին, այլ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկման մասին»,- ասվում է հոդվածում:

«Ղրիմը Ռուսաստանի համար նույնն է, ինչ որ Ախենն ու Քյոլնը Գերմանիայի համար, մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում այն կորցնելը,- ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով մամլո խոսնակ եւ կանցլերի թեկնածու Ալեքսանդր Գաուլանդը: -«Մենք չենք ուզում պատժամիջոցներ, դա վնասում է եւ մեզ, եւ Ռուսաստանին, եւ նրանք չեն վերադարձնի Ղրիմն Ուկրաինային»: Գաուլանդն ավելացնում է, որ Ղրիմը դարձել է ռուսական 1783թ.-ին գերմանացի կայսրուհի Եկատերինա Մեծի օրոք»:

«Անցած տարի Բադեն-Բյուրտեմբերգում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հաղթել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությանը՝ ստանալով ձայների 24,2 տոկոսը, իսկ «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» ստացել էր 22,4 տոկոս՝ գրեթե 20 տոկոսով քիչ, քան նախորդ ընտրություններին: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը զգում է, որ 2 մլն ռուս-գերմանացիների ձայներն անցնելու են իրենց: Կուսակցությունը ձգտում է իր կողմը գրավել ազգայնականներին, եւ իրեն համարում է այն ընտրողների բնական ապաստարան, ովքեր հիասթափվել են «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից»»,- հայտնում է Չարթերը:

«Ես միշտ քվեարկել եմ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» օգտին, սակայն հիմա ես դեմ եմ Մերկելին: Ես չեմ սիրում մուսուլմաններին»,- լրագրողներին ասել է 77-ամյա Իրինան, ով Գերմանիա է եկել Ղազախստանից 1990թ.-ին: «Հիմա նա եւ նրա նման հազարավոր մարդիկ աջակցում են երկրում միակ կուսակցությանը, որը դեմ է փախստականներին»,- նշում է Չարթերը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝