Ժամանակն է խոսել Թրամփի հոգեկան առողջության մասին

170821152317-donald-trump-squint-point-eclipse-exlarge-169

«Որքա՞ն անկայուն է Թրամփի հոգեկան վիճակը, որքա՞ն է նա կորցրել իրականության հետ կապը: Մենք հասել ենք այն պահին, երբ ազգն իրավունք ունի իմանալու այդ մասին»,- The Washington Post-ում գրում է Յուջին Ռոբինսոնը:

«Մենք սովոր չենք մեր նախագահներին նման հարցեր ուղղել: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես սկսենք լուսաբանել նախագահի հոգեկան առողջության մասին, այնպես որ, մենք խելամիտ բացատրություն ենք տալիս սոցիալական նորմերից շեղված վարքագծին: Մենք ասում ենք, որ Թրամփը խորամանկորեն խաղում է ընտրողների հետ, կամ միջազգային հարաբերություններում օգտագործում է «խելագարի տեսությունը», կամ էլ պարզապես իրեն անկանխատեսելի է պահում, որպեսզի առավելություն ունենա՝ շեղելով բոլորին»,- նշում է հեղինակը:

«Բայց եթե Թրամփն իրականում վարել է այդքան նուրբ խաղ, ապա նա, կարելի է մտածել, հասել է հաջողությունների, նրա վարկանիշը միգուցե բարձրացել է, այլ ոչ թե ընկել, իսկ Կոնգրեսում նրա դաշնակիցները հիացմունք պետք է արտահայտեին, այլ ոչ թե վրդովմունք»,- ասվում է հոդվածում:

«Բոլորն էլ կարող են անհաջող օր ունենալ: Սակայն համաձայն հրապարակված բազմաթիվ զեկույցների՝ Թրամփը հաճախ է զայրանում, հատկապես, երբ հեռուստալուրերում տեսնում է ինչ-որ բան, որն իրեն դուր չի գալիս»,- պնդում է Ռոբինսոնը:

«Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր Թրամփին տասնամյակներ են ճանաչում. նրանք ասում են, որ նա փոխվել է: Ըստ այդ վաղեմի ծանոթների՝ նա քիչ վստահություն է թողնում եւ ուշադրությունը կենտրոնացնելու քիչ կարողություն է ցուցաբերում: Անկասկած, ճիշտ կլինի Թրամփի՝ շատ տարիներ առաջ տված հարցազրույցները համեմատել այժմյան հարցազրույցների հետ»,- շարունակում է լրագրողը:

«Ես չունեմ մասնագիտական որակավորում, որպեսզի գնահատեմ նախագահի հոգեկան առողջությունը, իսկ հոգեբանները եւ հոգեբույժները, ովքեր ունեն համապատասխան փաստաթղթեր եւ փորձ, լռում են՝ էթիկայի նկատառումներից ելնելով: Մինչդեռ խաղադրույքներն այնքան բարձր են, որ պաշտոնյաները, ովքեր աշխատում են Թրամփի հետ եւ հետեւում են նրան մոտիկից, մեծ պատասխանատվություն են կրում: Գոյություն ունի մեծ տարբերություն՝ հանդես գալ այնպիսի խելագար, ինչպիսին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն է, եւ իրականում ունենալ նման անկայուն հոգեբանություն»,- կարծում է հեղինակը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝