Եվրոպային սպառնում են փախստական ձեւացող ահաբեկիչները

MIGRANTS-master675

«Եվրոպան շարունակելու է ավելի շատ վտանգի ենթարկվել փախստական ձեւացող ահաբեկիչների կողմից, եթե արեւմտյան մայրաքաղաքները չաջակցեն Լիբիային Միջերկրական ծովով ժամանող մարդկանց հոսքը զսպելու գործում»,- բրիտանական The Times թերթին ասել է Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարաջը: Ինչպես փոխանցում են Բել Թրյուն եւ Թոն Քինգթոնը, Սարաջը նախազգուշացրել է, որ տասնյակ հազարավոր մարդկանց մեջ, ովքեր կարողացել են մուտք գործել Լիբիա, կան պոտենցիալ ահաբեկիչներ:

«Երբ միգրանտները հասնեն Եվրոպա, նրանք կկարողանան ազատ տեղաշարժվել,- նշել է Սարաջը: -Եթե, Աստված չանի, փախստականների մեջ լինեն ահաբեկչական տարրեր, ապա ցանկացած միջադեպի արդյունքը կազդի ամբողջ ԵՄ-ի վրա»:

«Այս տարի 98 հազար փախստականներ ծովով Լիբիայից հասել են Իտալիա. այդ թիվն անցած տարվա ռեկորդային թվից մի քիչ պակաս էր: Իտալիայում «Հինգ աստղ շարժումը», որը դեմ է իշխող վերնախավին, ավելի թշնամական դիրքորոշում է որդեգրել միգրացիայի նկատմամբ»,- ասվում է հոդվածում:

Լրագրողները տեղեկացնում են նաեւ, որ փախստականների ընդունելության իտալական կենտրոնների 200 հազար տեղերն արդեն զբաղեցրած են:

Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հստակ հասկացրել է, որ Իտալիան իրեն անտեսված է զգում ԵՄ-ի կողմից: Երբ նրան հարցրել են՝ արդյոք Եվրոպան երես է թեքել Իտալիայից, նա ասել է. «Հավանաբար՝ այո»:

Սարաջը հայտնել է, որ Լիբիայում նույնպես խաղադրույքները բարձր են. «ԵՄ-ն պետք է ավելի շատ բան անի, որպեսզի մեզ օգնի պայքարելու մարդկանց մաքսանենգության դեմ: Չի կարելի ամբողջ բեռը բարդել Լիբիայի եւ Իտալիայի վրա, քանի որ դա ամբողջ Եվրոպայի համար կարեւոր նշանակություն ունի»:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝