Ինչ կյանքով է ապրում կաշառակեր հոր զավակը. Պեսկով-Չոուլզ

Безымянный-92

«2010թ.-ին Նիկոլայ Չոուլզը բրիտանացի դժվար դաստիարակվող դեռահաս էր, ով կալանավայրում էր հայտնվել Միլթոն-Քինս քաղաքի   McDonald’s ռեստորանի մոտ տղամարդու վրա հարձակվելու համար»,-գրում է The Guardian-ի մոսկովյան թղթակից Շոն Ուոքերը:

«2017թ.-ին, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի խոսքերով, Չոուլզը հիմնովին միաձուլվեց Մոսկվայի աշխարհիկ կյանքին՝ վարելով Ferrari մակնիշի ավտոմեքենա եւ ճանապարհորդելով առաջին դասով կամ անձնական ինքնաթիռով»:

Ըստ Նավալնիի, այդ կերպարանափոխությունը կապված է Չոուլզի ծագման հետ. նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի որդին է:   

«Չոուլզը 1990-ական թվականներին Մեծ Բրիտանիա տեղափոխվեց մոր՝ Պեսկովի առաջին կնոջ հետ, ավելի ուշ ստացավ իր խորթ հոր ազգանունը: 2010թ.-ին նա եւ եւս 2 երիտասարդ գողության եւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով ազատազրկման դատապարտվեցին: Այն դեպքում, երբ շատ մեծահարուստ ռուսաստանցիներ վերջին 2 տասնամյակում Ռուսաստանում դժվարին երիտասարդական շրջանից հետո Արեւմուտքում միլիոնատերի անհոգ կյանք էին վարում, Չոուլզն ամեն ինչ հակառակն էր անում»: 

«2012թ.-ին նա տեղափոխվեց Մոսկվա եւ աշխատանքի անցավ Russia Today-ում: Շուտով նա կորավ հեռուստակայանից: Պարզ չէ, թե նա աշխատու՞մ է մինչ օրս»:

«Նավալնին պնդում է, որ Չոուլզի անունով գրանցված 2 մոսկովյան բնակարան կա, ինչպես նաեւ Tesla մակնիշի ավտոմեքենա, որը վարում էր Պեսկովը: Չոուլզը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 116 անգամ տուգանքի ակտ է ստացել»: 

«Ոչ մի տեղ չի աշխատում, սակայն գնում է բնակարաններ Ռուբլյովկայում, «Ռենջ Ռովեր»-ներ, «Ֆերրարի»-ներ, «Տեսլա»-ներ, թանկարժեք ժամացույցներ, ճանապարհորդում եւ օրերով ձիավարում է: Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, թե ինչպես է կոչվում այդ մասնագիտությունը՝ կաշառակեր հոր զավակ»,-նշել է Նավալնին:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան 

Դիտվել է՝