««Իսլամական պետությունը» թուլացել է, սակայն դարձել է գլոբալ»

Las-Ramblas-Terror-842511

«Բարսելոնում տեղի ունեցած հարձակումից հետո հավանական է դարձել, որ «Իսլամական պետությունն» ավելի շատ հարձակումներ կիրականացնի Եվրոպայում եւ ամբողջ Արեւմուտքում»: Այս մասին La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է The Washington Post-ի լրագրող Ջոբի Ուորիքը՝ վերջերս հրապարակած «Սեւ դրոշներ. ԻՊ-ի վերելքը» էսսեի համար Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը, ջիհադիզմի եւ իսլամական ահաբեկչության հայտնի փորձագետներից մեկը:

Ուորիքի կարծիքով, հարձակումները կարող են ավելի շատ լինել, քանի որ ԻՊ-ը ներկա պահին շատ ուժեր է համախմբել Սիրիայում եւ Իրաքում «խալիֆայության» մնացած տարածքները պաշտպանելու համար: «Դա ոչ միայն վրեժի խնդիր է վերջին ռազմական ավերիչ պարտությունների համար, ինչպես դա տեղի ունեցավ Մոսուլում: Երբ «խալիֆայությունն» այլեւս չլինի, «Իսլամական պետությունը» կկենտրոնացնի իր բոլոր ուժերը Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար: Եվ այդպիսով այն կվերածվի ամենաիսկական ահաբեկչության միջազգային կենտրոնի»:

«The Washington Post-ի լրագրողի խոսքերով՝ Իսպանիան ԻՊ-ի վաղեմի նպատակակետերից էր, սակայն «Իսլամական պետությունը» վերջերս է սկսել այդ երկիրն առավել հաճախ հիշատակել քարոզչական նյութերում՝ Իրաքում ներգրավվելու համար, նաեւ «խալիֆայության» մասին իր երազանքի լույսի ներքո եւ Ալ Անդալուսի առասպելի հիշատակմամբ. այդպես մուսուլմաններն անվանել են Իբերիայի թերակղզին, երբ 8-րդ դարում գրավել են այն»,- մեկնաբանել է Ուորիքը:

«Մարդկանց դեմ ավտոմեքենաների կիրառման մեթոդը դառնում է ԻՊ-ի ամենապահանջված մեթոդը, քանի որ դա շատ հեշտ է իրականացնել, հատկապես ներկա պահին, երբ «Իսլամական պետությունը» դժվարությունների մեջ է,- ասել է փորձագետը: -Հուլիսի կեսերին ջիհադիստները համացանցի միջոցով կիսվել են չափազանց հստակ հրահանգներով՝ բեռնատարով հարձակումներ իրականացնելու մասին, ավելի մանրամասն, քան նախկինում»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝