Խնդիրը Պուտինի մեջ չէ, այլ Ռուսաստանի

Снимок

«Թեեւ ԱՄՆ-ում շատերը Վլադիմիր Պուտինին են մեղադրում ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեջ, դրանք միշտ էլ անկայուն եւ երերուն են եղել»,- Politico հանդեսում գրում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից, Kissinger Associates-ի տնօրեն Թոմաս Գրեմը:  

«Երկու երկրները «լեզու չեն գտնում» միմյանց հետ այն ժամանակաշրջանից, երբ ԱՄՆ-ն 19-րդ դարավերջին հզոր գերտերության հայտ ներկայացրեց եւ սկսեց մրցակցել Ռուսական կայսրության հետ Մանջուրիայում ազդեցության համար»:

 «ԱՄՆ-ն պետք է սկսի դառը ճշմարտությունից. Ռուսաստանը մոտակա ժամանակաշրջանում (երբեւէ չի էլ եղել) չի դառնա լիբերալ ժողովրդավարական պետություն: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը, նրա միջուկային զինանոցը, բնական հարստությունները, բանակը եւ գիտական ներուժը երաշխիք են, որ այդ երկիրը մնա որպես խոշոր խաղացող»,-գրում է հեղինակը:

Թոմաս Գրեմ

Թոմաս Գրեմ

«Վաշինգտոնն այլընտրանք չունի, բացի այն, որ պետք է գործ ունենա այնպիսի Ռուսաստանի հետ, ինչպիսին կա այսօր: Դա հարց է առաջացնում. ինչպե՞ս  կառավարել հարաբերությունները մեծ եւ հզոր պետության հետ: Դա սկզբունքորեն կարեւոր է Եվրոպայի անվտանգության ապահովման առումով: Ամերիկյան քաղաքական դասն այժմ նախապատվություն է տալիս պատժամիջոցներին: Սակայն Վաշինգտոնը չի կարող փաստացի մեկուսացնել աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը, հատկապես այն դեպքում, երբ վերելք ապրող խոշոր տերությունները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը, պատրաստ չեն հետեւել ԱՄՆ-ի օրինակին»,-նշում է Գրեմը:

«Լավագույն հնարավորությունը կլիներ իրատեսորեն փոխգործակցել Մոսկվայի հետ եւ կենտրոնանալ աշխարհաքաղաքական մրցակցության կառավարման վրա, որպեսզի նվազագույնի հասցվի լայնածավալ հակամարտության ռիսկը: ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն պաշտպանի իր կենսական կարեւոր շահերը, միեւնույն ժամանակ պատրաստ  լինի փոխզիջումների, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում ամերիկյան առանցքային սկզբունքների համար: Վերոհիշյալը ենթադրում է նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնում»,-նշվում է հոդվածում:   

«Վաշինգտոնը եւ Մոսկվան պետք է ընդունեն, որ համաշխարհային կարգուկանոնի հիմքերի խարխլումն առաջացնում է առավել հավասարակշռված հարաբերությունների անհրաժեշտություն, որոնք շրջանցելով պատմական տարաձայնությունները, կնպաստեն երկու կողմերի շահերի եւ հետաքրքրությունների առաջխաղացմանը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Politico

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝