Թրամփը կրկին ի ցույց դրեց բարոյական առաջնորդ լինելու իր անկարողությունը

GettyImages-819621258-714x476

«Ցավոք, ԱՄՆ-ում ռասիզմի հետեւանքների առկայությունը նախկինի նման ավելի զգալի է, քան Արեւմուտքի մյուս երկրներում»,- գրում է  El Mundo թերթը: – Պատմաբանների խոսքերով՝ ռասիզմը ոչ միայն «սուբյեկտիվ զգացում է»՝ հատուկ ԱՄՆ-ի բնակչության որոշ շերտերին, այն նաեւ հասարակական-տնտեսական ձեւավորման կառուցվածքային գործոն էր այդ երկրում եւ արտահայտվում է մինչեւ հիմա»:

«Դա պետք է մանրամասն հաշվի առնել Շառլոթսվիլում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները վերլուծելու ժամանակ: Թերթը հիշեցնում է. այդ ամերիկյան քաղաքում անկարգությունների պատճառ էին հանդիսացել սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցների բողոքները, ովքեր  դեմ են արտահայտվել տեղի իշխանությունների որոշմանը գեներալ Ռոբերտ Է. Լիի արձանը հեռացնելու վերաբերյալ: Այդ ամենը վկայում է, որ դեռ չի հանգել քաղաքացիական պատերազմի կրակը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 1861-1865թ.թ.-ին: Իրականում այն կրկին եւ կրկին թեժանում է հասարակության մեջ, որն ավելի շատ է բեւեռացվում»,- գրում է թերթը:

«Միեւնույն ժամանակ հուշարձանի շուրջ հակասությունները հանգեցնում են այն մտքին, որ խմբավորումների նեղկուսակցական շահերը կեղծում են պատմությունն ըստ իրենց քմահաճույքների. դա տեղի է ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Այդ առումով անհրաժեշտ է պայքարել ռիսկերի դեմ, որոնք կրում են ինչպես ազգայնականությունը, այնպես էլ  ռեւիզիոնիզմը»:

«Սեփական շահերի համար կեղծել պատմությունը եւ կիրառել այն որպես գործիք, դա նշանակում է տարաձայնություններ սերմանել, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին է ԱՄՆ-ն, որը համարվում է ռասաների եւ կրոնների ձուլարան»,- ասվում է հոդվածում:

«ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյան շարժումների դիրքերի ամրապնդումը բավականին լուրջ խնդիր է: Թրամփի վերջին իրադարձությունների մեղքը գցել է  «տարբեր կողմերի վրա» եւ անմիջական չի նշել սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցներին: Նախագահը հավասարապես վրդովեցրել է հանրապետականներին եւ դեմոկրատներին: Նա կրկին ի ցույց դրեց բարոյական առաջնորդ լինելու իր անկարողությունը»,- եզրափակում է El Mundo-ն:

 

Աղբյուր՝ El Mundo

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝