Ժամանակակից ստրուկներն ամենուր են՝ ավտոլվացման կետերում, գործարաններում եւ ֆերմաներում

Без названия

«Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալությունից հայտնել են, որ ժամանակակից Բրիտանիայում գոյություն ունի զուգահեռ հասարակություն, որտեղ դաժան հանցախմբերը շահագործում են սոցիալապես անպաշտպան մարդկանց՝ նրանց հետ ստրուկների նման վերաբերվելով»,- գրում է The Times-ի լրագրող Ֆիոնա Համիլթոնը:

«NCA սոցիալական գործակալության տնօրեն Ուիլլ Քերը նողկալի է որակել այն փաստը, որ այդ հանցավոր գործունեությունը ծաղկում է Մեծ Բրիտանիայի բազմաթիվ շրջաններում, այն երկրում, որտեղ ավելի քան 200 տարի առաջ պաշտոնապես վերացվել է ստրկությունը»,-նշվում է հոդվածում:   

«Քերի խոսքերով շահագործման ենթարկված անձինք շատ հաճախ թաքնվում են հանրությունից: Նրանք աշխատում են մասնավոր տներում՝ որպես սպասավորներ, գեղեցկության սրահներում, ավտոլվացման կետերում, ֆերմաներում եւ այլուր: Փորձագետը կոչ է արել քաղաքացիներին ժամանակակից ստրկության դեպքերի մասին հայտնել ոստիկանությանը»:

«Մեր դիտարկմամբ հանցախմբերը մարդկանց վերածում են ապրանքի: Նրանք գիտակցում են, որ այդ եղանակով ավելի շատ գումար կարելի է աշխատել, քան թմրանյութեր վաճառելով»,-նշում է Քերը:

«Առաջիկա ամիսներին ոստիկանությունն առավել խիստ վերահսկողություն կսահմանի այն հաստատությունների նկատմամբ, որտեղ առավել հաճախ են արձանագրվում մարդկանց շահագործման դեպքեր՝ մարմնավաճառության հարկադրելու, երեխաների վաճառքի, ձկնարդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի արտադրության ոլորտներում ստրկական աշխատանք պարտադրելու եւ այլն: Ֆերմաներում ստրկական աշխատանքի պրակտիկան ներդրել են վիետնամական հանցախմբերը, որոնք հիմնականում շահագործում են իրենց հայրենակիցներին՝ վիետնամցիներին»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝