Ամերիկյան հակահրթիռային համակարգերը բավարար հզո՞ր են, որպեսզի կանխեն հյուսիսկորեացիների գրոհները

image

«Թրամփի աշխատակազմի եւ Հյուսիսային Կորեայի իշխանությունների միջեւ թեժացած հռետորաբանությունն ուշադրությունը կենտրոնացնում է հրթիռային տեխնոլոգիաների եւ Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների համար հավասար նշանակություն ունեցող հակահրթիռային համակարգերի վրա»,- բրիտանական The Guardian-ում գրում է  Յուեն Մաքասկիլը:

«ԱՄՆ-ն իր զինանոցում ունի տարբեր հակահրթիռային սարքավորումներ, որոշներն ուղղված են խոցելու մոտ հեռավորության վրա գտնվող հրթիռները, իսկ մյուսները՝ միջին եւ հեռահար նշանառության են: ԱՄՆ-ում հույս են դրել ամերիկյան Patriot հրթիռների վրա, որոնք օգտագործում են նաեւ Իսրայելում եւ Սաուդյան Արաբիայում, եւ THAAD հակահրթիռային համալիրի վրա: Այս տարի ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայում տեղակայել է THAAD համակարգեր միջին հեռավորության հրթիռներից պաշտպանվելու համար»,- ասվում է հոդվածում:

«Գոյություն ունեն ցամաքային հրթիռներ՝ տեղակայված Կորեական թերակղզում, հակահրթիռային տեխնիկայով զինված ամերիկյան նավեր՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսում, եւ ծայրահեղ դեպքերի համար որպես պաշտպանական գիծ երկու ռազմաբազա Ալյասկայում եւ Կալիֆորնիայում, որտեղից կարելի է արձակել 36 խոցող հրթիռներ»,- շարունակում է լրագրողը:

«Պենտագոնը եւ հակահրթիռային համակարգերի մշակողները բազմիցս են երաշխիք տվել, որ զենիթային հրթիռային համալիրները կարող են կասեցնել ցանկացած հյուսիսկորեական հարձակում: Սակայն երբ վերջին տասնամյակում հակահրթիռային համակարգերը ենթարկվեցին փորձարկման, դրանց արդյունավետությունն այդքան էլ հուսադրող չէր: Վերջին փորձարկումներն այդքան էլ լավ արդյունքներ չեն ցույց տվել՝ միջինը 50 տոկոս արդյունավետությամբ»,- ավելացնում է հեղինակը:

«2015թ.-ին գրված իր հոդվածում Վաշինգտոնի համալսարանի զինտեխնիկայի վերահսկողության փորձագետ Սթիվեն Փայֆերն ամերիկացի պաշտոնյային հարցրել է, թե ինչ տեղի կունենա, եթե հյուսիսկորեական հրթիռներն արձակեն Սիեթլի ուղղությամբ: Պաշտոնյան ասել է, որ պետք է բաց թողնել մեծ քանակությամբ խոցող հրթիռներ եւ հուսալ, որ հաջողությունը կուղեկցի մեզ»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝