Ինչու՞ է Հռոմի պապը սիրում Պուտինին

228515255

«Ավելի ու ավելի ռազմատենչ դարձած Վլադիմիր Պուտինը նոր ընկեր է գտել՝ ի դեմս խաղաղասեր մարդու՝ Ֆրանցիսկոս պապի»,- Politico հանդեսում գրում է Ջակոպո Բարիգացցին: 

«Օգոստոսի 20-ին Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը կմեկնի Մոսկվա՝ նախագահ Պուտինի ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպելու նպատակով: Դա մտերմության եւ ջերմ հարաբերությունների հերթական փուլն է, որի սկիզբը 2013թ.-ին դրեց Ֆրանցիսկոս պապը՝ Պուտինին բաց նամակ հղելով: Նամակում նա իր առարկություններն էր մեջբերել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետ կապված, եւ Պուտինին խնդրել էր աղոթել իր համար: Թերեւս այդ արտահայտությունը հուզել էր ՌԴ նախագահին»,-գրում է հեղինակը:

«Դիվանագիտական նամակի համար անսովոր այդ խնդրանքը քրիստոնեական ինքնության ճանաչումն էր, որը ջանասիրաբար շրջանառում է Պուտինը: Անշուշտ, Պուտինը նաեւ բարձր գնահատեց Պապի ուղերձի հիմնական միտքը, քանի որ Կրեմլը Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների ամենակոշտ քննադատներից է: 2013թ.-ի նոյեմբերին եւ 2015-ի հունիսին Պուտինը Ֆրանցիսկոսի հետ հանդիպեց Վատիկանում»:

«Պուտինի համար Վատիկանի հետ նշանակալի հարաբերությունների ձեւավորումը լավ հնարավորություն է ուշադրություն հրավիրել Ռուսաստանի վրա՝ որպես ավանդական արժեքների եւ բարոյականության հենակետ: Դա նաեւ միջոց է ցուցադրելու, որ Կրեմլը մեկուսացման մեջ չէ, եւ շարունակում է հարաբերություններ պահպանել Իտալիայի հետ»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Հռոմի կաթոլիկ եկեղեցու համար Մոսկվայի հետ առավել սերտ կապերը հնարավորություն են վերականգնել ներկայությունը վերելքներով եւ վայրէջքներով ուղեկցված, կոմունիստական գաղափարախոսությամբ եւ պարտադրված աթեիզմով նշանավորված հարյուրամյակից հետո: Կա կարծիք, որ Պարոլինի այցով հիմք է դրվում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պատմական այցելությանը Մոսկվա»:

«Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների մեծամասնությունը հավանություն է տալիս այն փաստին, որ Ռուսաստանն աջակցում է սիրիացի նախագահ Բաշար Ասադին: Այդ թեման, ինչպես սպասվում է, Պարոլին-Պուտին հանդիպման օրակարգում կարեւոր տեղ կզբաղեցնի: Քննարկվող հարցերի օրակարգում կլինի նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան: Ֆրանցիսկոսն այդ հակամարտությունն անվանել էր «եղբայրասպան պատերազմ»՝ մեղադրելով հակամարտող 2 կողմերին: Դա վրդովվեցրել էր Ուկրաինայում բնակվող կաթոլիկներին»,-եզրափակում է Ջակոպո Բարիգացցին:

Աղբյուր՝ Politico

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝