Խաղն ավարտված է, եւ Հյուսիսային Կորեան հաղթել է

gty-north-korea-missile-launch-04-jc-170307_31x13_1600-905x378

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փնթփնթալ ինչքան ուզում է, սակայն հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ԱՄՆ-ի իշխանությունն առավել անէական է, քան երբեւէ»,- գրում է Foreign Policy-ը:

«Հյուսիսային Կորեան ունի կոմպակտ միջուկային մարտագլխիկների մեծ պաշար, որպեսզի զինի իր բոլոր հրթիռները, այդ թվում նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք կարող են հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Այլ կերպ ասած, խաղն ավարտված է»,- գրում է հոդվածի հեղինակ Ջեֆրի Լյուիսը:

«Հյուսիսային Կորեան ունի 60 միավոր միջուկային զենք, ինչը գերազանցում է լրատվամիջոցներում հրապարակված նախորդ տվյալներին: Պարզ է դառնում, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի զինաթափումը դիվանագիտական կամ ուժի ճանապարհով հնարավոր չէ»,- պնդում է հեղինակը:

«Հարցը նրանում է, թե ինչ անել հետագայում: Իմ գործընկերներից ոմանք դեռ մտածում են, որ Միացյալ Նահանգները կկարողանա համոզել Հյուսիսային Կորեային հրաժարվել իր միջուկային եւ հրթիռային ծրագրերից կամ գոնե սառեցնել դրանք: Ես համոզված չեմ դրանում»,- շարունակում է Լյուիսը:

«Կա միայն մեկ տարբերակ ստուգելու՝ հնարավո՞ր է արդյոք խոսել կորեացիների հետ: Մյուս տարբերակները սարսափեցնող են: Արդյունավետ պատերազմի հնարավորություն գոյություն չունի: Հյուսիսային Կորեան ունի անորոշ քանակությամբ միջուկային մարտագլխիկներ, հնարավոր է 60, այդ թվում նաեւ այնպիսի, որոնք կհասնեն մինչեւ ԱՄՆ: Մի՞թե դուք կարծում եք, որ ամերիկացիները կկարողանան խոցել այդ բոլորը եւ  դրանցից ոչ մեկը չի հասնի մինչեւ Սեուլ, Տոկիո կամ Նյու Յորք, կամ որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանությունն այնքան լավ կաշխատի, ինչպես ենթադրում են դրանց մշակողները, որ կկանգնեցնի ԱՄՆ-ին ուղղված բոլոր հրթիռները, այլ ոչ թե դրանց մեծ մասը: Դուք ցանկանում եք ապրել այդ մտածելակերպո՞վ»,- գրում է հեղինակը:

«Մի պայծառ օր մենք, հնարավոր է, կխոցենք հրթիռների մեծ մասը: Մենք կպահպանենք քաղաքների մեծ մասը՝ Սեուլը եւ Նյու Յորքը, սակայն կկորցնենք մի քանիսը, ասենք Տոկիոն: Այդ երեքից երկուսը վատ չէ, այնպես չէ՞»,- հեգնում է հեղինակը:

«Ես կատակում եմ, բայց ոչ այնքան: Բարի գալուստ նոր աշխարհ: Եվ չասեք, որ ես ձեզ չեմ զգուշացրել»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝