Թրամփի սիրիական ռազմավարությունը հենվում է Ռուսաստանի վրա

TRAMP-889x500

«Նախագահ Դոնալդ Թրամփն իր վեցամսյա նախագահության ընթացքում լուրջ քայլեր է կատարել, որոնք ցույց էին տալիս, թե ինչ դիրքորոշում ունի նրա աշխատակազմը Սիրիայի պատերազմի հարցում»,- Foreign Policy-ում գրում է գիտաշխատող Փիթեր Ռաֆը: Փորձագետը հիշեցնում է, որ Թրամփը հանձնարարել է  քրդական ինքնապաշտպանական ջոկատներին  հարձակում գործել «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքայի վրա, չեղարկել Ասադի դեմ մարտնչող ապստամբներին զինելու ԿՀՎ-ի ծրագիրը, Ռուսաստանի հետ բանակցություններ է վարել հակամարտությունից զերծ գոտի ստեղծելու մասին: Ռաֆի կարծիքով, այդ միջոցներն իրականության հետ հաշտեցման դրսեւորումներ են, մասնավորապես Ասադի կարգավիճակի վերականգնմամբ եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նոր ազդեցության արտահայտմամբ: Փորձագետը ենթադրում է, որ Թրամփի այդ որոշումները հիմնված են Ռուսաստանի հետ կապված հույսերի վրա, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում:

«Որպեսզի արդյունավետ կերպով Ռուսաստանին «իրենով անի», ԱՄՆ-ին նախ պետք է նրա հետ մրցել,- կարծում  է Ռաֆը: -Որքան էլ որ տարօրինակ է, սակայն Ռուսաստանին սանձելու եւ նրա դաշնակիցների վրա ազդեցություն գործելու միջոցները միակ տարբերակն են Կրեմլին ստիպելու անկեղծ համագործակցության: Վաշինգտոնը մի քանի դրական քայլ է կատարել այդ ուղղությամբ՝ սկսած սիրիական Սու-22 կործանիչի ոչնչացմամբ եւ վերջացրած Սիրիայի հարավում գտնվող Թանֆայի մոտակայքում ավիահարվածներ հասցնելով: Սիրիայի արեւելքում նրանց առաջնահերթությունն է ներգրավել սունի արաբներին բանակի մեջ, որտեղ գերակշռում են YPG-ի զինյալները, եւ պնդել, որ «Իսլամական պետություն»-ից ազատագրված տարածքները հանձնեն տեղի արաբներին, այլ ոչ թե քուրդ հրամանատարներին: Արդյո՞ք դա բավարար կլինի: Եվ արդյո՞ք այդ ռազմավարությունը կգործի»:

«Թրամփը հավաքել է աստղային ազգային անվտանգության խորհուրդ, որը ղեկավարում են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաք-Մասթերը, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը: Նրանք հասկանում են, որ Մերձավոր Արեւելքում  ԱՄՆ-ի լայնածավալ միջամտությունների օրերն անցել են, բացառությամբ արտակարգ դեպքերի: Սակայն նրանք գիտեն նաեւ, որ  Իրանի նման ագրեսորները ոչ մի տեղ չեն կորել, եւ որ Ռուսաստանը մեզ «այո» չի ասի, քանի դեռ մենք նրան «ոչ» չենք ասել»,- կարծում է փորձագետը:

«Այդ բնազդները պետք է հանգեցնեն ռազմավարական քաղաքականության մրցակցության, որի շրջանակներում Ռուսաստանին համագործակցության մեջ ներգրավելու ջանքերին խառնվել է պատժամիջոցների փոքր չափաբաժին: Մասնավորապես, Միացյալ Նահանգները պետք է պահպանի սունի արաբական ընդդիմության կյանքը եւ ապահովի հստակ կարմիր գծեր Ասադի եւ Իրանի դեմ: Կասկած չկա, որ Սիրիայում Թրամփի աշխատակազմը սարսափելի ավերածություն է ժառանգել: Սակայն հիմա նա պետք է Վլադիմիր Պուտինի նկատմամբ արհամարհանքը վերափոխի հարգանքի՝ Սիրիայում ստեղծելով ուժի կիրառման կետեր եւ ազդեցության լծակներ: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք առաջ ընթանալ դեպի կարգավորում, որը համապատասխանելու է Ամերիկայի հիմնական  շահերին ազգային անվտանգության ոլորտում»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝