Պուտինը կանգ չի առնի, քանի դեռ նրան չեն կանգնեցրել

putin tramp

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս ստորագրեց Կոնգրեսի՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, սակայն այդ փաստաթղթի առնչությամբ իր դժգոհությունը հայտնեց»,- The Washington Post պարբերականի իր հոդվածում գրում է Գարրի Կասպարովը: «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սոցցանցի իր էջում գրեց, որ ԱՄՆ Կոնգրեսը նվաստացրեց Թրամփին»: 

Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների Պուտինը կրճատեց Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թիվը: Կասպարովը գրում է. «Արդյունքում ռուսաստանցիների համար առավել բարդ կլինի վիզա ստանալը: Ինչպես միշտ, Պուտինի համար պատժամիջոցները կծառայեն որպես ռուսաստանցիներին պատժելու միջոց»:

«Պուտինն ընտրել է թշնամիներ կերտելու մեթոդը, եւ որքան ուժեղ լինեն այդ թշնամիները, այնքան ավելի լավ: Այդ կերպ կարելի է ստեղծել հայեցակարգ, որ Ռուսաստանը պատերազմի շեմին է, ինչը զոհեր է պահանջում, հետեւաբար կլինի բացարձակ հավատարմություն մեծ առաջնորդին, ով ջանասիրաբար փորձում է պաշտպանել հայրենիքը»,-հեգնում է հեղինակը:

«Պուտինը կանգ չի առնի, քանի դեռ նրան չեն կանգնեցրել: Իսկ դա տեղի չի ունենա, քանի դեռ նրա ավազակախումբը չի գիտակցում, որ պարագլուխը ոչ թե իրենց օգուտ է տալիս, այլ խոչընդոտ է հանդիսանում իրենց հարստության եւ հզորության պահպանման ճանապարհին: Պատժամիջոցները, որոնք հարվածում են ավազակախմբի օտարերկրյա ներդրումներին, Պուտինին կանգնեցնելու գերազանց միջոց են»,-կարծիք է հայտնում Կասպարովը:

«Պուտինի եւ Թրամփի համար դեռ ժամանակը չէ ընդհատել իրենց «սիրավեպը»: Թրամփը դեռեւս  հանդիսանում է Կրեմլի հիմնական հույսը Վաշինգտոնում քաոս սադրելու եւ արտերկրում Ամերիկայի բարի համբավն արատավորելու հեռանկարում: Թրամփը դեռեւս ի վիճակի չէ քննադատելու Պուտինին, քանի որ նրա ինքնասիրությունը թույլ չի տալիս խոստովանել, որ իր ընտրությանը նպաստեցին թշնամական պետության հաքերային հարձակումները: Հնարավոր է, որ Թրամփի եւ Պուտինի ծրագրերը չեն համընկնում, սակայն նրանք առնվազն մեկ ընդհանուր նպատակ ունեն. Թրամփի ձեռքում կենտրոնացնել առավելագույն մեծ իշխանություն»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝