Լոնդոնում մահացած ռուսաստանցի գործարար Պերեպիլիչնին թունավորվել է Փարիզո՞ւմ

119665589

«Այս գործը նման է լրտեսական պատմվածքի: 2012թ.-ի նոյեմբերի 10-ին Լոնդոնի հարավ-արեւմուտքում ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնիի հանկարծակի մահը բոլոր հնարավոր ենթադրությունների առիթ դարձավ,- Le Parisien ֆրանսիական թերթում գրում է Թիմոթի Բուտրին: -Բրիտանական ոստիկանության կարծիքով, ֆինանսական սկանդալի մեջ հայտնված այդ իրազեկիչի թունավորման վարկածը համարվում է ամենահավանականը»:

Լրագրողի խոսքերով՝ դա հաստատում է նաեւ այն, որ Փարիզի դատախազը 2015թ.-ի հունիսի 26-ին սկսել է նախնական հետաքննությունը «կազմակերպված սպանություն մի խումբ անձանց կողմից» եւ «հանցավոր դավադրություն» հոդվածներով: «Բացի այդ, ֆրանսիական իշխանությունն անհամբերությամբ սպասում է լսումների ավարտին, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում»,- ավելացնում է հեղինակը:

Թերթը գրում է, որ Պերեպիլիչնին մնացել է Փարիզում 2012թ.-ի նոյեմբերի 6-ից 10-ը: Այնտեղ նոյեմբերի 8-ին նա հանդիպել էր 22-ամյա ուկրաինացի ոճաբան Էլմիրա Մեդինսկիի հետ: «Զույգը երկու գիշեր անցկացրել է փարիզյան Bristol հյուրանոցում եւ տղամարդն իրեն վատ է զգացել արդեն ռեստորանում»:

«Կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունը, ինչպես երեւում է, այդքան էլ հակված չէ լույս սփռելու այդ մահվան վրա, որը կարող է փչացնել Մոսկվայի եւ Լոնդոնի տնտեսական հարաբերությունները»,- նշում է հեղինակը: «Մենք կարծում ենք, որ նրան մեզ մոտ են սպանել»,- ասել է անանուն աղբյուրը: Թերթը հիշեցնում է, որ համաձայն ԱՄՆ-ի Ազգային հետախուզական ծառայության զեկույցի, կասկած չկա, որ գործարարի սպանությունը կատարվել է Կրեմլից ստացված հրամանով:

«Ֆրանսիայում  քրեական հանցագործությունների վարչության հետաքննության արդյունքում նոր տվյալներ են ստացվել: Հիմա ոստիկանները սպասում են Լա-Մանշի մյուս կողմում գտնվող քննիչների արձագանքին»,- հայտնում է լրագրողը:  

 

Աղբյուր՝ Le Parisien

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝