«Պուտինի քաղաքականությանը կարեկցություն ցուցաբերելու մասին խոսք լինել չի կարող»

baut-auf-die-kraft-der

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչ նկատի ուներ ազատ դեմոկրատների ղեկավար Քրիստիան Լինդները, ով կոչ էր արել խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Լինդները, հիշեցնենք, առաջարկել էր Ղրիմի անեքսիան համարել «երկարաժամկետ ժամանակավոր իրավիճակ»:

««Ժամանակավոր» հասկացությունը ենթադրում է այն, որ ոչ ոք չի պատրաստվում ճանաչել Ղրիմի անեքսիան: Մենք ամբողջովին կողմ ենք ղրիմյան եւ արեւելաուկրաինական խնդիրների հարցում պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործողություններին եւ ռազմական զինված ուժերի տեղակայմանը դաշինքի արեւելաեվրոպական երկրներում: Պուտինի քաղաքականության նկատմամբ կարեկցություն ցուցաբերելու մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

«Նաեւ Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իրավիճակը հնարավոր կլինի փոխել միայն աստիճանաբար բարեփոխումների ճանապարհով, միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել Մինսկյան համաձայնագիրը: Այդ քաղաքականության շրջանակում դրական փոփոխությունների դեպքում է միայն հնարավոր մեղմել պատժամիջոցները: Սակայն դա բացարձակապես կապ չունի ղրիմյան հարցին վերաբերող պատժամիջոցներին»,- նշել է Լամբսդորֆը:

«Իրականում Ղրիմի անեքսիան չպետք է վերջնականապես արգելափակի երկխոսությունը: Այդ պատճառով էլ մենք պետք է ամեն անգամ անդրադառնանք այդ թեմային՝ լուծելով այն հարցը, թե արժե՞ արդյոք համագործակցել Մոսկվայի հետ»,-հարց է ուղղում քաղաքական գործիչը:

«Մեր նպատակների հեռանկարը պետք է լինի Հյուսիսային կիսագնդում աշխարհակարգի անվտանգությունը, որտեղ Ռուսաստանին տրվելու էր կառուցողական դերակատարում: Այսօր դա այդպես չէ: Մենք ուզում ենք ազդարարել, որ համապատասխան վարքագծի դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ»,- եզրափակել է Լամբսդորֆը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝