Գերմանացի ազատ դեմոկրատների նախընտրական հռետորաբանությունը ձեռնտու է Պուտինին

thumb

«Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդներն առաջարկել է Ղրիմի անեքսիան համարել «երկարաժամկետ ժամանակավոր իրավիճակ»,- գրում է Sueddeutsche Zeitung-ի թղթակից Դանիել Բրեսլերը: «Այդ կերպ նա չի խախտում տաբուն, այլ միայն լրացուցիչ շփոթություն է ավելացնում հակառուսաստանյան պատժամիջոցների վերաբերյալ երկխոսության շուրջ եւ ձեռնտու մեկնաբանություն տալիս Ռուսաստանի նախագահի համար»:

«Երբ 2014թ.-ին նախագահ Պուտինը Ղրիմ ուղարկեց «կանաչ մարդուկներին» եւ արդյունքում անեքսիայի ենթարկեց թերակղզին, նա խնդիր ստեղծեց, որով զբաղվելու են քաղաքական գործիչների մի քանի սերունդ: Պարզ էր, որ միջազգային հանրությունը չի ընդունելու տարածքի գրավումը, իսկ Ռուսաստանը, իր կողմից, հեշտությամբ իր որոշումից չի հրաժարվի»,- նշում է Բրեսլերը:

«Ղրիմի անեքսիայից եւ Ուկրաինայի արեւելքում ռազմական հակամարտությունից առաջ Պուտինը մտածում էր, որ ինքը չպետք է վախենա Արեւմուտքի կոշտ պատասխանից: Հիմնականում դրան նպաստեց փորձը, որը նա ձեռք էր բերել 2008թ. Վրաստանի հետ հակամարտության ընթացքում, որը, ինչպես թվում էր, ոչ մի կերպ չի անդրադարձել Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա: Կրեմլի ղեկավարը պատրաստ չէր այնպիսի միասնական դիրքորոշման, որը ցուցաբերեցին ԵՄ-ն եւ Ամերիկան՝ արդեն 3 տարի կիրառելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի նախագահին մնում է միայն հուսալ, որ այդ միասնությունը կփլուզվի, իսկ պատժամիջոցները կկորցնեն իրենց հիմքերը բնակչության կողմից աջակցության նվազման պատճառով: Եվ այդ հույսերն անհիմն չեն»,- կարծում է հեղինակը:

«Խոստումնալից սկիզբը, ըստ Պուտինի, եղել է եվրոպա-ամերիկյան տարաձայնությունները հակառուսաստանյան պատժամիջոցների փաթեթի ընդլայնման վերաբերյալ, որն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից»,- գրում է լրագրողը: Եվրոպացիները մտավախություն ունեն, որ ամերիկացիների իրական նպատակը հեղուկ գազի մատակարարման ոլորտում սեփական տնտեսական շահերի իրականացումն է»:

«Լինդների նման քաղաքական գործիչներն անզգուշությամբ կամ միտումնավոր նախընտրական պայքարի ընթացքում նվագում են Պուտինի դուդուկի տակ՝ խորացնելով այն զգացումը, որ փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ են նաեւ Արեւմուտքի ջանքերը: Նրանք ինչ-որ չափով պահպանում են այն միտքը, որ Արեւմուտքը կամ մեղավոր է, կամ էլ ներգրավված է Ուկրաինայի ճգնաժամում: Դա փոխում է պատճառների եւ հետեւանքների տեղերը»,- համոզված է լրագրողը:

«Պատժամիջոցներն առհասարակ նրանց չափավոր ռեակցիան են Ռուսաստանի հարեւան երկրի հանդեպ ցուցաբերած ագրեսիայի դիմաց, ովքեր կոչված են պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունը: Բացի դրանից, նրանք պետք է ցույց տան, որ Եվրոպայի սահմանների խախտումն առանց հետեւանքների չի մնա: Եվրոպայի ապագան կախված է այդ կրկնվող հաղորդագրությունից»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝