Ոչ Թրամփը, ոչ Պուտինը որոշումները միանձնյա չեն կայացնում

puitin tramp

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ոչ այնքան բարեհաճությամբ հաստատեց նոր օրինագիծը, որով Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեց»,- Forbes հանդեսում գրում է վերլուծաբան Էմիլի Ֆերիսը:

«Նոր օրինագծի նպատակն է պարտադրել Ռուսաստանին հետեւելու Մինսկյան համաձայնագրի կետերին՝ դուրս բերել զորքերն Ուկրաինայի արեւելքից եւ սահմանների վերահսկողության լիազորությունները փոխանցել ուկրաինական կողմին: Լրացուցիչ պատժամիջոցները, որոնց մեծ մասն առնչվում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, կունենա հակառակ ազդեցությունը, եւ Արեւմուտքի համար ավելի բարդ կլինի հետագայում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը»,-կարծիք է հայտնում հեղինակը:

«Հաշվի առնելով այդ հեռանկարը, Ուկրաինայում պատժամիջոցների նոր օրինագծի վերաբերյալ տեղեկություններն ընդունեցին սառնությամբ: Այն դեպքում, երբ նախագահ Պետրո Պորոշենկոն հրապարակայնորեն ողջունեց այդ նորությունը, շատերը ենթադրեցին, որ Ռուսաստանն ուկրաինական հակամարտության էսկալացիան կարող է օգտագործել ԱՄՆ-ից վրեժխնդիր լինելու համար»:

«Սակայն առավել հավանական սցենարն այն է, որ նոր պատժամիջոցները կապահովեն հակամարտության սառեցումը առանց դիվանագիտական առաջընթացի»,-նշում է վերլուծաբանը:

«Հուլիսին թվում էր, թե Թրամփը եւ Պուտինը հնարավորություն ունեն բարելավել անձնական փոխհարաբերությունները, սակայն պատժամիջոցները ցույց տվեցին, որ ոչ Թրամփը, ոչ Պուտինը որոշումները միանձնյա չեն կայացնում, եւ լավ հարաբերությունների ձեւավորումն այժմ քիչ հավանական է: Պուտինը ստիպված կլինի վերանայել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը»,-գրում է Էմիլի Ֆերիսը:

Աղբյուր՝ Forbes 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝