Գերմանացիների մեծ մասը չի ընդունում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները

20629968_859163044252739_906103566_o

Գերմանացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների խստացմանը, հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը՝ հղում անելով YouGov ինստիտուտի իրականացրած հարցմանը:

Համաձայն հետազոտության՝ հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները «ոչ մի դեպքում խելամիտ չեն» կամ «ավելի շատ անտեղի են»: Իսկ 26 տոկոսը կողմ է այդ պատժամիջոցներին:

Արդյունքը կարող է կապված լինել այն բանի հետ, որ «վերջին շրջանում գերմանացիներն ավելի քիչ են վստահում ամերիկյան նախագահին»: Այսպես, վաշինգտոնյան Pew Research կենտրոնը հունիսին հետազոտություն է իրականացրել եւ համեմատել է Թրամփի հանդեպ ունեցած վստահությունը մյուս առաջնորդների հետ: Պարզվել է, որ ամենավատ արդյունքը եղել է Թրամփի մոտ, իսկ ամենալավը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Հետազոտության տվյալներով՝ Գերմանիայում քաղաքացիների ընդամենը 11 տոկոսն է ասում, որ «Թրամփը կարող է ճիշտ քայլեր կատարել համաշխարհային քաղաքականության մեջ»:

ԳԴՀ բնակչության 41 տոկոսն արդարացնում է ԱՄՆ-ի դեմ հակազդող քայլերի կիրառումը նոր հակառուսական պատժամիջոցների դեպքում: Դեմ արտահայտվել է գերմանացիների 38 տոկոսը: Միեւնույն ժամանակ հարցվողների 44 տոկոսը կողմ է Մոսկվայի՝ Ռուսաստանից հարյուրավոր ամերիկացի դիվանագետների հեռացնելու մտադրությանը:

Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան տվյալներով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագիծը: Այնուամենայնիվ, ԵՄ-ն, ավելացնում է Frankfurter Allgemeine-ը, ասել է, որ դեռեւս չի արձագանքելու նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի ստորագրմանը:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝