ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի հաղթանակն է

d021487ea7b8abd8342d6e3895cc86c4

Այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարները նույնքան մռայլ են, որքան անցած տարվա դեկտեմբերին, երբ ԱՄՆ-ն հեռացրեց ռուսաստանցի 35 դիվանագետների եւ մյուսների համար փակեց դիվանագիտական առանձնատների մուտքը, The National Interest-ում նշում է Center for Eurasian, Russian and East European Studies-ի տնօրեն Անժելա Սթենթը: Այժմ  Ռուսաստանը կիրառում է պատասխան պատժամիջոցներ, եւ ԱՄՆ-ն պետք է կրճատի իր դիվանագիտական անձնակազմը Ռուսաստանում՝ 60 տոկոսով:

Սթենթը ենթադրում է՝ «հարաբերությունների վատացումը բացատրվում է երկու երկրների կողմից վարվող ներքին քաղաքականության պատճառով»: Վաշինգտոնում Ռուսաստանի թեման «թունավոր» է դարձել Թրամփի շրջապատի եւ ռուսաստանցիների միջեւ կապի հետաքննության պատճառով, ինչպես նաեւ կապված 2016 թվականի ընտրությունների հետ:

ԱՄՆ-ի Կոնգրեսը վերջին որոշումն ամրագրեց եւ  ընդարձակեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաեւ Թրամփին զրկեց առանց Կոնգրեսի համաձայնության այդ պատժամիջոցները փոփոխությունների ենթարկելու իրավունքից: Սթենթը մեկնաբանում է. «Նման օրենսդրական որոշումները կոպիտ գործիք են: Երբ դրանք ընդունվում են, ապացուցում են Ջեքսոն Վենիկի փոփոխությունների պատմությունը, հավանաբար ուժի մեջ են մնալու ավելի շատ, քան անհրաժեշտ են եւ նախագահին զրկելու են ճկունությունից եւ ազդեցության լծակներից, որոնցից  կարող էր օգտվել ցանկացած ԱՄՆ նախագահ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում»:

«Ռուսական պատասխան պատժամիջոցները նույնպես ներքին քաղաքականության գործոններով են պայմանավորված: Ռուսական ազգայնականությունը հզոր ուժ դարձավ»,- գրում է հեղինակը: «Հնարավոր է՝ Պուտինը զգում է, որ դեմոնստրացիայի ժամանակն է:  Ռուսաստանն այլեւս չի կարող պասիվ արձագանքել ԱՄՆ-ի վիրավորանքներին: Բնականաբար, «ճակատագրի հեգնանքն»  այն է, որ Ռուսաստանն ինքն է կուտակել այս ամենը՝ Ուկրաինայում իր իսկ կողմից կատարված  գործողությունների եւ ԱՄՆ-ի նախընտրական քարոզչությանը միջամտելու համար»,- ասվում է հոդվածում:

«Ամերիկյան պատժամիջոցները, որոնք նախատեսված են վնաս պատճառել Ռուսաստանին, կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի համար:  Այնտեղ նշված է, որ կպատժվի ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները՝ ռուսական ընկերությունների մասնակցությամբ վառելիքի եւ էներգետիկ նախագծերի սահմանափակումների պատճառով»,- գրում է հեղինակը: Նրա խոսքերով՝ որոշման հիմնական նպատակն է  կանխել «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարությունը: Միեւնույն ժամանակ այդ ծրագրին աջակցում է  Գերմանիան եւ ԵՄ-ի նրա գործընկերների մեծամասնությունը:

Հեղինակի կարծիքով, ամերիկացի  դիվանագետների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են խորքային խնդիրների պատճառ դառնալ, եւ  ռուս-ամերիկյան հարաբերությունները կսկսեն ավելի վատանալ:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝