Զինվորականներ, որոնց գոյությունը Պուտինը հերքում է

b691205be783419fa4966164659c6094

«Հունիսի վերջին շաբաթ օրն ուկրաինացի զինվորականները չեզոքացրել են «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության հրամանատարական խմբի անդամներին: Ինչպես ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունում, սպանվել է խմբի հրամանատարը, ով ռուսաստանցի սպա էր, ինչպես նաեւ դիպուկահարը: Եվս չորսը, այդ թվում նաեւ 21-ամյա ռուսաստանցի Վիկտոր Ագեեւը, գերեվարվել են: Սկզբունքորեն տեղի ունեցածն այդքան հնչեղություն չէր ունենա, եթե հենց այդ նույն Ագեեւը հեռուստատեսային հարցազրույց տված չլիներ»,- շվեյցարական Neue Zuercher Zeitung-ում գրում է Էն-Դորիթ Բոյը:

«Երիտասարդն ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում պատմել է, որ ինքը ռուսաստանցի զինծառայող է եւ հոժարակամ մեկնել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն»: Ագեեւի խոսքերով՝ ինքը ծառայում է Նովոչերկասկում եւ իրեն ուղարկել են Լուգանսկ: Նա նաեւ ասել է, որ ինքն իրեն Ռուսաստանին նվիրված անձ է համարում: Դա ռուսաստանցի զինվորականի առաջին հրապարակային խոստովանությունը չէր»:

«Առհասարակ, ՆԱՏՕ-ի արբանյակային պատկերների, լուսանկարների եւ վկաների ցուցմունքների  շնորհիվ Արեւելյան Ուկրաինայի ապստամբական հանրապետություններում Ռուսաստանի զինվորականների ներկայությունն արդեն վաղուց ապացուցված է: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Դոնբասում 5-7 հազար ռուսաստանցի զինծառայողներ կան»,-փոխանցում է լրագրողը:

«Այնուամենայնիվ, Ռուսաստանը հենց սկզբից հերքել է դա՝ պնդելով, որ գերեվարված զինվորականներն արձակուրդի ընթացքում մեկնել են Դոնբաս իրենց կամքով:  Մոսկվան չի ընդունում, որ Ուկրաինայում կան ռուսաստանցի զինծառայողներ: Պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 2014թ.-ին, Ուկրաինայի արեւելքում զոհվել են տասնյակ զինվորականներ, ռուսաստանյան մամուլը սկսել էր գրել գաղտնի հուղարկավորությունների մասին, եւ երկրում սկսեց ավելանալ ճնշումը Պուտինի վրա: Սակայն նա լռեց»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝