«Հանդուրժողականությունը հիմարների համար է». Ա. Զալդոստանով

nn_vs

Բայքերների «Գիշերային գայլեր» խմբի առաջնորդ, Ռուսաստանի նախագահի մտերիմ եւ Ղրիմի գրավման փաստով ոգեւորված Ալեքսանդր Զալդոստանովը հարցազրույց է տվել գերմանական Bild թերթին: «Անկեղծ ասած, անիմաստ է ձեր նմանների հետ հանդիպելը»,- ասել է Զալդոստանովը հանդիպման սկզբում՝ նկատի ունենալով Արեւմուտքի բոլոր լրագրողներին:

Այդ մարդը, ով ավելի շատ հայտնի է Վիրաբույժ մականունով, բավականին կոշտ հայացքներ ունի, եւ Ռուսաստանում շատերն են նրան հետեւում: Վիրաբույժին համարում են «ռուսական հայրենասիրության կուռքը», ոմանք ասում են, որ ռուսները նրան ավելի շատ  են հավանում, քան Պուտինին:

Զալդոստանովն ասում է այն, ինչ Ռուսաստանում շատերն են սիրում եւ ցանկանում են լսել, գրում է լրագրողը: Մասնավորապես, զրույցի ընթացքում նա ԱՄՆ-ին «կեղտ» է անվանել, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ «խամաճիկ», արտագաղթած ռուսներին՝ «դավաճաններ»: Նա նաեւ նշել է, որ հանդուրժողականությունը հիմարների համար է: «Ժողովրդավարությունը  չարություն է: Ձեզ մոտ Գերմանիայում արդեն երեւի զգում եք դժոխքի ծծմբի հոտը»,- ասել է բայքերը:

Նա մեկնաբանել է նաեւ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: «Մենք հստակ օրենքներ ունենք, իսկ նա, ով չի հետեւում դրանց, անմիջապես զգում է իր մաշկի վրա»,- ասել է Զալդոստանովը:

«Միեւնույն ժամանակ Զալդոստանովը նախկինում բոլորովին այլ է եղել. 1980-ականների կեսերին սիրահարվել ու մեկնել է Բեռլին, համասեռականների ակումբում աշխատել է որպես պահնորդ եւ լսել է ամերիկյան ռոք-երաժշտություն»,- ասվում է հոդվածում:

Հիմա Զալդոստանովը երազում է Ռուսաստանում աստվածապետության եւ Ռուսաստան-Գերմանիա միության մասին: «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դուք պետք է հեռանաք մարդկության այդ պատուհասից՝ ամերիկացիներից: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք իշխանությունը մեր ձեռքը վերցնել»,- ասել է Վիրաբույժը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝