«Ըստ էության, մենք պատերազմ ենք վարում ՌԴ-ի դեմ». Ուկրաինայի արդարադատության նախարար

Павел-Петренко

2014թ.-ից Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոյին հանձնարարված է հսկայական առաջադրանք՝ արդարադատության բարեփոխումների անցկացում: Այս մասին նա պատմել է ավստրիական Die Presse թերթին:

«Ըստ էության, մենք ստեղծում ենք նոր դատական համակարգ, որտեղ աշխատակազմը պետք է նոր սկզբունքներով ընտրվի, հանրային քննությունների միջոցով: Բացի դրանից, դատարանները, սկսած Գերագույն դատարանից, վերջացրած շրջանային դատարաններից, այլեւս չեն օգտվելու անձեռնմխելիությունից, նրանց հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել»,- ասել է նախարարը: Ուկրաինայում հիմա կան ավելի քան 8 հազար դատավորներ, եւ «նրանց մեծամասնության համար ընտրության նոր գործընթաց է կազմակերպվելու»: «Երեք տարվա ընթացքում դատական համակարգը վերստեղծվելու է»,- վստահեցրել է նախարարը:

«Վերջին 25 տարվա ընթացքում դատավորները քրեական հետապնդման նկատմամբ իմունիտետ են ձեռք բերել, եւ հիմա շատ դատավորներ բացատրություններ չեն կարող տալ, թե ինչպես իրենք եւ իրենց հարազատները ձեռք են բերել իրենց ունեցվածքը,- հայտնել է Պետրենկոն: -Էլեկտրոնային նոր հայտարարագրերի համակարգը հիմք հանդիսացավ այն դատավորների աշխատանքից հեռացման համար, ովքեր չկարողացան բացատրել, թե ինչպես է գոյացել իրենց ունեցվածքը»:

Ընդհանուր առմամբ, Պետրենկոյի խոսքերով, «հոժարակամ աշխատանքից հեռացել է  2 հազար դատավոր»: «Սակայն աշխատանքից հեռանալը նրանց չի ազատում ապօրինի հարստացման կամ էլեկտրոնային հայտարարագրերում սխալ տվյալներ ներկայացնելու համար պատասխանատվության ենթարկվելուց»,- ընդգծել է Պետրենկոն:

Այդ ամենից բացի, նախարարը մեկնաբանել է նաեւ ռուսական կայքերն արգելելու նախագահի հրամանը. «Այդ հրամանները համապատասխանում են Սահմանադրությանը: Խնդիրն Ուկրաինայի քաղաքացիների եւ պետության անվտանգության հարցն է, այլ ոչ թե խոսքի ազատության սահմանափակումը կամ հետապնդումը: Մասնավորապես, այդ սոցկայքերում աշխատում են ավելի քան 800 խմբեր, ովքեր ապօրինի ճանապարհով հավաքում են ուկրաինացիների մասին տվյալներ»:

Այդ պատճառով, համոզված է նա, «պատժամիջոցների կիրառումը համարժեք պատասխան էր»: «Ըստ էության, մենք պատերազմ ենք վարում ՌԴ-ի հետ: Դա ճիշտ որոշում էր»,- եզրափակել է քաղաքական գործիչը:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝