Թեեւ Թրամփը հաղթեց ԱՄՆ – Ռուսաստան հանդիպման ժամանակ, սակայն Պուտինն ավելիին հասավ

tramp putin

Վերջապես Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան հանդիպման ժամանակ կատարեց այնպիսի քայլ, որը հետագայում կարող է դառնալ դիվանագիտական համաձայնագիր, գրում է The Washington Post-ը: Հոդվածի հեղինակ Դեւիդ Իգնատիուսի կարծիքով, որպես սկսնակ Թրամփը կարողացավ լավ հաղթահարել խնդիրները՝ խուսափելով այն սխալներից, որոնք հաճախ ուղեկցում են լուրջ բանակցություններին:

Նախագահների հանդիպման կարեւորությունը չի կայանում մանրամասնություններում, թեեւ  Սիրիայում հրադադարը կարող է հանգեցնել մարդկային կյանքերի փրկության եւ նոր «անվտանգության գոտիների» ստեղծման: Այստեղ ամենակարեւորը «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության վերականգնումն է երկարատեւ դադարից հետո, երբ հարաբերությունների սրացումը հասել էր վտանգավոր կետի»,- պնդում է հեղինակը:

Թրամփի համար հանդիպումը նշանավորվեց Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն հասնելու վիճահարույց խոստման իրականացմամբ, այս մասին Թրամփը խոսել էր դեռեւս 2016թ.-ի նախընտրական քարոզչության սկզբին: Հիմա Թրամփը կարող է հավակնել «հաղթանակին», սակայն գլխավոր շահառուն համարվում է Պուտինը, ով օգտվեց «ցրտից ելնելու» հնարավորությունից պատժամիջոցների եւ դիվանագիտական մեկուսացման շրջանից հետո, որը հաջորդեց 2014թ.-ին Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուն, ասվում է հոդվածում:

Թրամփը կարողացավ ձեռք բերել համաձայնություն Սիրիայի հարցով բավական ցածր գնով, պնդում է հեղինակը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մնացին ուժի մեջ, իսկ ռուսական դիվանագիտական սեփականությունը՝ առգրավված դեկտեմբերի 29-ին, չի վերադարձվել Ռուսաստանին:

Հանդիպման սկզբում Թրամփը բարձրացրեց 2016թ.-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: Արդյոք դա անհասկանալի, բավականին ձեւական հայտարարություն էր, թե իսկական բողոք, անհասկանալի է, գրում է Իգնատիուսը: Պուտինը հերքել է ցանկացած միջամտություն, սակայն «նախկին լրտեսներին չպետք է հավատալ գաղտնի գործողությունների հարցերում»,- ասվում է հոդվածում:

Երբեմն բարձր մակարդակի հանդիպումները կարող են վտանգավոր լինել, նշում է հեղինակը. արեւմտյան քաղաքական գործիչները երբեմն չմտածված զիջումներ են անում բռնակալ ղեկավարներին՝ ողբերգական հետեւանքներով, ինչպես դա տեղի ունեցավ Մյունխենում 1938թ.-ին եւ Յալթայում 1945-ին: Սակայն Թրամփը, լինելով սուր քննադատությունների կրակի տակ, ըստ երեւույթին, լուրջ սխալներ թույլ չտվեց Համբուրգում:

«Այսպիսով, տեղի ունեցավ գագաթաժողով, որը մեզ հիշեցրեց դիվանագիտության առավելությունների մասին»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝