Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է ամենալավ ճանապարհը լինել Սիրիայում խաղաղություն հաստատելու համար

tramp putin

Համբուրգում Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ իրենց մտքում պետք է ունենան այն նույն նշանը, որը կրում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները՝ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցները, գրում է The Washington Post-ը: Դա Սիրիայի քարտեզն է, որը հստակ կապույտ գծով հատում է Եփրատ գետը:

Եփրատն ընդգծում է «հակամարտության» ոչ պաշտոնական գիծը Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական ռեժիմի, որը գտնվում է գետից դեպի արեւմուտք, եւ սիրիական դեմոկրատական ուժերի միջեւ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, եւ որոնք գտնվում են գետից դեպի արեւելք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ երկու երկրները բանակցություններ էին վարում այդ գծին կարեւոր լրացում անելու վերաբերյալ՝ 80 մղոն երկարությամբ աղեղ ստեղծելով, որը կձգվի Ասադի կղզում գտնվող Թաբքա քաղաքից մինչեւ Եփրատի ափին գտնվող Կարաման բնակավայր:

«Այդ բուֆերային գոտու  ռուս-ամերիկյան համաձայնագիրը խոստումնալից նշան է: Դա թույլ կտա, ըստ էության, ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին ազատել «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքան, այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ սիրիական վարչակարգն իրենց վրա վերցնում են Դեյր-էյ-Զոր քաղաքը, այլ ոչ թե նրանց միմյանց դեմ տրամադրել»,- գրում է հոդվածի հեղինակը՝ Դեւիդ Իգնատիուսը:

«Թրամփը եւ Պուտինը «մեծ քսանյակի» գագաթաժողովին պետք է քննարկեին, թե արդյոք այդ սահմանային գծի համաձայնագիրը Սիրիայում ռուս-ամերիկյան ավելի լայն համագործակցություն է: Առավել լայն ջանքերը կօգնեին հաղթանակ տանել «Իսլամական պետության» նկատմամբ, կարգավորել մարտերով հագեցած մասնատված Սիրիան եւ, վերջ ի վերջո, քննարկել քաղաքական ապագան: Հասանելի՞ է արդյոք դա»,- շարունակում է հեղինակը:

Սիրիայի հարցերով ռուս-ամերիկյան համագործակցությունը բախվել է մի շարք խոչընդոտների: «Այն օրինականացնում է ռուսական վարչակարգը, որը ներխուժել է Ուկրաինա եւ միջամտել է ամերիկյան եւ եվրոպական ընտրություններին, ավելացրած նաեւ նրա միջամտությունը Սիրիա:  Պուտինի անունն արդեն թունավոր է դարձել Կոնգրեսում եւ ամերիկյան լրատվամիջոցներում, իսկ Թրամփին վարկաբեկում են նույնիսկ փոխզիջման փորձերի համար»,- նշում է հեղինակը:

«Այդ բոլոր բացասական պահերի մեջ կա միայն մեկ դրական փաստ. Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է միակ միջոցը լինել Սիրիայում բռնությունը կանխելու եւ ավելի խաղաղ, ապակենտրոնացված պետություն ստեղծելու համար, որը կկարողանա, վերջապես, կազդուրվել ողբերգական պատերազմներից հետո»,- շարունակում է Իգնատիուսը:

Ասում են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը կողմ են Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության քննարկմանը: «Մենք դրա մեջ ներուժ ենք տեսնում,- ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: -Ներկա պահին Ռուսաստանը լրջորեն  աշխատում է այդ ուղղությամբ»:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝