Պուտինը եւ Ցզինպինը փորձում են սահմանափակել ԱՄՆ-ի դերը կորեական ճգնաժամում

image

«Աշխարհը հարմարվել է արեւմտյան առաջնորդների դիմախաղերին, ովքեր ծամածռում են դեմքերը կամ ուղղակի նայում են հեռուն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, սակայն Չինաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները Կրեմլում տեղի ունեցած ամբողջ հանդիպման ընթացքում ժպտում էին»,- նշում է The Times-ի լրագրող Թոմ Փարֆիթը:

«Սի Ցզինպինն այցելել է Պուտինին, որպեսզի քննարկեն Կորեական թերակղզում առկա լարվածությունը, քննադատեն ԱՄՆ-ին եւ հաստատեն, որ ռուսաստանյան առաջնորդի հետ հարաբերությունները զարգանում են: Հանդիպումից հետո քաղաքական գործիչները հայտնել են, որ նախապատրաստել են պլան՝ կապված առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման մասին Հյուսիսային Կորեայի հայտարարության հետ»,- հայտնում է թղթակիցը:

«Պայմանավորվել ենք ակտիվորեն առաջ տանել մեր ընդհանուր նախաձեռնությունը՝ հիմնված կորեական խնդրի կարգավորման ռուսաստանյան փուլային ծրագրի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը զուգահեռաբար սառեցնելու չինական գաղափարների վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի լայնամասշտաբ զորավարժությունների վերաբերյալ»,- ասել է Պուտինը:

«Դժվար թե այդպիսի ծրագիրն ուրախացնի Դոնալդ Թրամփին, ով խոստացել էր «վճռական պատասխան» տալ Հյուսիսային Կորեային՝ կապված նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ, երբ հանդիպել էր հարավկորեական առաջնորդ Մուն Ջեինի հետ Վաշինգտոնում»:

«Սակայն հայտարարությունում, որտեղ թաքնված մարտահրավեր կար ԱՄՆ-ին ուղղված, Ցզինպինը նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը դրական էներգիա է հաղորդել ամբողջ  աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը՝ որպես կայունացնող գործոն, որը փոխում է միջազգային իրավիճակը»,- գրում է հեղինակը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝