Պուտինի շունն ու Մերկելի վախերը. ամենատարօրինակ «քաղաքական զույգը»

merkel-putin-100_v-variantBig16x9_wm-true_zc-ecbbafc6

«Այս պատմությունը ստիպում է սարսռալ այն մարդկանց, ովքեր վախենում են շներից: Վլադիմիր Պուտինը, ով հայտնի է իր հանդգնությամբ եւ կենդանիների հանդեպ սիրով, մի անգամ Անգելա Մերկելի հետ հանդիպմանը ներկայացել էր լաբրադոր Կոնիի հետ: Իսկ Մերկելը վախենում է շներից: Այդ ընդգծված վախը նրա մոտ մանկությունից է առկա: Միջադեպը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ՝ ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում»,- գրում է USA Today-ի թղթակից Քիմ Հյելմգարդը:  

«Լարված քաղաքական հարաբերությունները կսրբագրվեն, երբ 2 առաջնորդները շուտով մասնակցեն Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին: Մերկելը դեմ է հանդես գալիս Պուտինի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ Ուկրաինայի արեւելքում գործող անջատողական ուժերին ցուցաբերվող աջակցությանը: Նա նաեւ անհանգստացած է ռուսաստանցի ցանցահենների գործողություններից, ովքեր կարող են միջամտել Գերմանիայի նախագահական ընտրություններին»:

«Գերմանիայում Ռուսաստանին ընկեր էին համարում: Այսօր մենք ոչ միայն դա չենք ասում, այլեւ գիտակցում ենք, որ Ռուսաստանը դադարել է անգամ գործընկեր լինել: Շատ լուրջ խնդիրներ են մեզ իրարից բաժանում: Բայց նրանք մեր հարեւաններն են, այդպիսի երկրում ենք մենք ապրում»,- նշում է քաղաքական վերլուծաբան Մայքլ Բրենինգը:

Հայտնի հրապարակախոս Ստեֆան Կորնելիուսը Պուտինին եւ Մերկելին համարում է մեր ժամանակների ամենատարօրինակ «քաղաքական զույգը»:

«Նրանք գրեթե հասակակից են: Երկուսն էլ ծնվել են նախկին Արեւելյան դաշինքի տարածքում: Քաղաքական փորձ են ձեռք բերել Բեռլինյան պատի անկման շրջանում: Սակայն նրանցից մեկը շրջվեց դեպի Արեւմուտք, մյուսը՝ Արեւելք: Պուտինը հին համակարգի կողմնակից է եւ իդեալականացնում է խորհրդային պետությունը: Նա ծանր է տանում ԽՍՀՄ-ի կործանման փաստը: Իսկ Մերկելը բացահայտորեն ողջունում է Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին, նաեւ այն ամենին, ինչ տվել է մեզ լիբերալ ժողովրդավարությունը»,- նշում է Կորնելիուսը:

Ըստ նրա, վերջին տարիներին խորացել է այն համոզմունքը, որ Պուտինին այլեւս չպետք է վստահել:

«Այդ զգացումը կարող է փոխադարձ լինել. Մերկելն աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, Գերմանիան ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ է: Պուտինի համար Մերկելը մարմնավորում է այն ամբողջ բացասականը, որն առկա է լիբերալ աշխարհակարգում»,- եզրափակում է Մայքլ Բրենինգը:

Աղբյուր՝ USA Today

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝