Ի՞նչ է ասելու Թրամփը, երբ հանդիպի Պուտինի հետ

tramp putin

«Թեեւ նախագահ Թրամփը սիրում է հույսը դնել սեփական բնազդի վրա, այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում կայանալիք հանդիպումը կարիք ունի մանրամասն նախապատրաստության եւ ուղղակի զրույցի»,- գրում է The Washington Post-ը:

«Թրամփը պետք է կողքի դնի իր հիացմունքը բռնապետական հակումներ ունեցող Պուտինի նկատմամբ, դրա փոխարեն Ռուսաստանի նախագահի առջեւ պետք է բարդ հարցեր առաջ քաշի: Թրամփը  պետք է նկատողություն անի 2016թ.-ին նախագահական ընտրություններին Պուտինի միջամտության համար: Նա պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն դա չի հանդուրժի եւ վերջ»,- ասվում է հոդվածում:

«Ուկրաինայի առումով Թրամփը պետք է ցուցադրի վճռականություն: Ռուսաստանը հրահրեց զինված ապստամբություն եւ գրավեց Ղրիմը՝ խախտելով միջազգային նորմերը, իսկ հիմա շարունակում է բռնություն հրահրել Դոնբասում: Թրամփը չպետք է Պուտինի մոտ կասկածներ թողնի այն առումով, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի պատժամիջոցներից, որոնք կիրառվել են՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, քանի դեռ խաղաղության համաձայնագրի պայմանները չեն կատարվել»:

«Առաջնորդները պետք է քննարկեն նաեւ սիրիական հակամարտությունը՝ զերծ մնալով ուղղակի զինված գործողություններից՝ չնայած Վաշինգտոնը եւ Մոսկվան հետապնդում են տարբեր ռազմական նպատակներ»,- ասվում է շարունակությունում: Բացի դրանից, հեղինակներն անհրաժեշտ են համարում ռազմական համագործակցության վերականգնումը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման աշխատանքը եւ միջին եւ հեռահար հրթիռների չեզոքացման պայմանագրի հետ կապված հակամարտության լուծումը:

«Այդ հանդիպումը, հնարավոր է, կբավարարի Պուտինի՝ համաշխարհային առաջնորդ երեւալու ցանկությունները, եւ նա  կփորձի բացահայտել Թրամփի թուլությունները»,- եզրափակում են հեղինակները:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝