Թրամփ-Պուտին. ի՞նչ «մարզավիճակում» են մրցակիցները հանդիպումից առաջ

43ea17c63f8a88052f520fcff465029afe1713c3

«Այս շաբաթ Համբուրգում անցկացվելիք G20-ի գագաթաժողովում տեղի կունենա ժամանակակից պատմության ամենատարօրինակ հանդիպումներից մեկը Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ»,- The Guardian-ում գրում է Ջուլիան Բորջերը: 

«Թրամփի խոսքերը, դեմքի արտահայտությունները, ժեստերը մանրամասնորեն վերլուծության կենթարկվեն. դրանց մեջ շատերը կփնտրեն պուտինյան ազդեցության նշաններ: Նաեւ սպասվում է, որ ռուսաստանցի առաջնորդը առաջ կմղի միջազգային հարաբերություններում Մոսկվայի դիրքորոշումը՝ այն սկզբունքը, որ առաջատար գերտերությունների շահերն ավելի կարեւոր են, քան գոյություն ունեցող աշխարհակարգը»,-կարծիք է հայտնում հեղինակը:

«Պուտինն առավելություններ կունենա Թրամփի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահն անսահմանափակ վերահսկողություն ունի արտաքին քաղաքական եւ ազգային անվտանգության ոլորտներում Ռուսաստանի ուղեգծի նկատմամբ, իսկ Թրամփի վերահսկողությունը սահմանափակ է: Թրամփը ցանկանում է, որ Պուտինի հետ հանդիպումը լինի պաշտոնական, սակայն նրա խորհրդականները չեն ցանկանում կարգավորել հարաբերությունները՝ պնդելով, որ Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ հստակ օրակարգ չի լինի եւ այն խորհրդակցական բնույթ կկրի»:

«Ռուսաստանյան խորհրդի անդամ Մաքսիմ Սուչկովի խոսքերով, ռուսաստանցի դիվանագետները փոխհարաբերությունների կարգավորման համատեքստում 4 կետ են դիտարկում՝ ուկրաինական եւ սիրիական հիմնախնդիրները, ռազմական եւ տնտեսական կապերի ուղիների հստակեցումը: Ամենակարեւոր կետերից է աշխարհակարգի ուրվագծումը: Համբուրգում Թրամփի ցանկացած միակողմանի քայլ, որն ուղղված կլինի Մոսկվայի նկատմամբ ճնշման թուլացմանը, անմիջապես բացասական արձագանք կստանա Վաշինգտոնում»:

«Անվիճելի է, որ Թրամփն առաջարկել է Ռուսաստանի հետ առավել մեղմ հարաբերությունների ուղեգիծ: Կասկած չկա նաեւ, որ Պուտինը հրահանգել է իր հատուկ ծառայություններին ընտրությունների ժամանակ կշեռքի նժարը թեքել Թրամփի կողմը: Համբուրգում ամերիկացի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ սահմանափակումներից կաշկանդված Պուտինը կփորձի իր այդ ներդրումը փրկելու ուղիներ գտնել»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝