Էրդողանն իրավունք չունի Գերմանիայում իրեն զգալ այնպես, ինչպես տանը

dc5hur-6txl3i3tivb6fwt6a7l_original

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ Գերմանիայում տեղի ունենալիք G20-ի գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Համբուրգում, հայտնում է Die Welt-ը:

«Թուրքիայի նախագահը նախատեսել էր ելույթ ունենալ այդ օրը, որը համընկնում է անցած տարվա հուլիսին կանխված պետական հեղաշրջման տարելիցի հետ»,- գրում է թերթի հոդվածագիր Տորստեն Կրաուելը՝ ավելացնելով, որ ԳԴՀ կառավարությունը «խաչ է քաշել Էրդողանի պլանների վրա»:

Այն, որ գերմանական հողի վրա չի լինելու ոչ մի միջոցառում՝ կապված հեղաշրջման հետ, հեղինակը ճիշտ է համարում, քանի որ հուլիսի 15-ը նաեւ այն օրն է, երբ սկսվել է Թուրքիայում ազատությունների մայրամուտը:

«Այդ օրը հազարավոր պետական աշխատողների, ուսուցիչների, դատավորների, սպաների եւ լրագրողների ձերբակալման տարելիցն է: Բռնակալական ռեժիմի բացահայտ կառուցման սկիզբը, որի նախապատրաստումն, ամենայն հավանականությամբ, անցկացրել են վաղօրոք եւ մանրամասն: Գերմանիան իրավունք չունի մասնակցելու այդ առիթով կազմակերպված միջոցառումներին»,- համոզված է լրագրողը:

«Նախագահ Էրդողանը ոչ մի իրավունք չունի Գերմանիայում իրեն զգալ այնպես, ինչպես իր տանը: Նա ցանկանում է հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը եւ խթանել թուրքական տնտեսության զարգացումը: Գերմանիան կարող է դառնալ գործընկեր այդ նպատակներն իրականացնելու համար, եթե, իհարկե, Էրդողանը սովորության համաձայն չարգելի գերմանացի պատգամավորներին այցելելու ՆԱՏՕ-ի բազաներում գտնվող բունդեսվերի զինծառայողներին, լրագրողներ ձերբակալի եւ ոտնահարի մարդու իրավունքները»:

«Մնում է հուսալ, որ Էրդողանը հասկացել է իրեն հասցեագրված Բեռլինի հաղորդագրությունը»,- եզրափակում է հեղինակը:

 

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝