Նեմցովի հարազատները պնդում են, որ Կադիրովի մերձավոր շրջապատը նույնպես ներգրավված է սպանության մեջ

2

«Մոսկվայում երդվյալ ատենակալները դատաքննության ընթացքում հինգ անձի մեղավոր են ճանաչել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ, սակայն Նեմցովի  ընտանիքի անդամները եւ կողմնակիցները նշել են, որ նրանք դրանով կոծկել են գործը, քանի որ պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվել»,- գրում է  The Guardian-ը:

«Զաուր Դադաեւը՝ Չեչնիայի անվտանգության ուժերի «Հյուսիս» գումարտակի սպան, մեղավոր է ճանաչվել նախկին փոխվարչապետի վրա կրակելու, մյուս չորսը մեղավոր են ճանաչվել սպանությանը մասնակցություն ունենալու համար»:

«Մենք չենք կարող ասել, որ գոհ ենք դատավճռից,- լրագրողներին ասել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը: -Մենք ուրախ կլինեինք, եթե սպանությունն առհասարակ չլիներ: Սակայն կարեւորն այն է, որ չեն գտել ոչ կազմակերպիչներին, ոչ էլ պատվիրատուներին»:

Նեմցովի դուստրը՝ Ժաննան, քննադատել է դատավորի որոշումը՝ իր հոր ընդդիմադիր գործունեության վերաբերյալ հարցեր տալն արգելելը:

«Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում համոզված են՝ սպանությունը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ մեր քննիչներն ու դատարանը հերքում են ակնհայտը,- գրել է Նեմցովի դուստրը ֆեյսբուքյան էջում: -Միեւնույն ժամանակ նրանք չեն կարողացել գտնել պանությունն իրականացնելու որեւէ այլ դրդապատճառ»:

 «Ընտանիքը կոչ է արել, որ Կրեմլի աջակցությունը վայելող Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը ներգրավվի սպանության գործում: Պրոխորովի խոսքերով՝ քաղաքական գործչի ընտանիքը շարունակելու է պնդել, որ Կադիրովի մերձավոր շրջապատը նույնպես ներգրավված է սպանության մեջ, եւ պահանջելու են ուշադրություն դարձնել ստորաբաժանման հրամանատարին, որտեղ ծառայել է Դադաեւը՝ Ռուսլան Գերեմեեւին»,- ասվում է հոդվածում:

Զաուրբեկ Սադահանովը՝ մեղադրյալներից մեկի փաստաբանը, հայտնել է. «Սա արդարադատություն չէ, սա ընդամենն արդարադատության իմիտացիա է, որպեսզի ցույց տան աշխարհին, որ բացահայտվել է ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունը»:

Ուրիշ գործեր, որոնք կապված են Կրեմլի քննադատների հետ, այդպես էլ չեն բացահայտվել,- նշում են հոդվածի հեղինակները՝ որպես օրինակ բերելով Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝