ԱՄՆ-ին ռազմավարություն է անհրաժեշտ «Իսլամական պետության» ջախջախումից հետո

image

«ԱՄՆ-ն դեռեւս հստակ ռազմավարություն չունի «Իսլամական պետության» ջախջախումից հետո ընկած ժամանակահատվածի համար»,- The Wall Street Journal-ում տպագրված իր հոդվածում պնդում է փորձագետ Ջոն Բոլթոնը: Նա Թրամփի աշխատակազմին սեփական առաջարկություններն է ներկայացրել:

1.«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի կամ զգալիորեն կրճատի Իրաքի ներկայիս կառավարությանը հատկացվող ռազմական աջակցությունը: Բաղդադում գերիշխում են Իրանին հավատարիմ շիա-մահմեդականները: Բաղդադի ռազմական եւ քաղաքական իշխանության ընդլայնումն ԻՊ-ից ազատագրված շրջաններում նպաստում է Թեհրանի հզորացմանը»:

2.«ԱՄՆ-ն պետք է պահանջի Եգիպտոսից, Հորդանանից եւ Պարսից ծոցի միապետություններից ԻՊ-ի դեմ պայքարում ավելի մեծաքանակ զորք եւ նյութական աջակցություն տրամադրել: Սիրիացի ընդդիմադիրների շրջանում կան ահաբեկչական տարրեր, որոնց շատ բարդ է տարբերակելն ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «չափավորներից»: Իսկ արաբական դաշնակիցների աջակցությունը կփոխի ընդդիմությունում ուժերի դասավորությունը»:

3.«Ռուսաստանը միջամտում է սիրիական հակամարտությանը, քանի որ օգնում է Ասադին եւ իրանցի այաթոլլաներին: Թրամփի աշխատակազմը պետք է մտածի, թե ինչպես կարող է Սիրիայում նվաճումներից զրկել Ռուսաստանին եւ Իրանին»:

«Թեհրանը փորձում է ստեղծել իր «վերահսկողության առանցքը» Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ: Դա կարող է տարածություն գոյացնել «իրանական շիական կոալիցիայի» եւ «Սաուդյան Արաբիայի գլխավորած սունիական դաշինքի» միջեւ պոտենցիալ առճակատման համար: ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան պետք է կասեցնի Իրանի ձգտումներն «Իսլամական պետության» անկումից հետո»,-պնդում է հեղինակը:

«ԱՄՆ-ն պետք է նաեւ նվազեցնի Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ներկայությունը եւ ազդեցությունը: Ռուսաստանի միջամտությունը՝ հատկապես Ասադի եւ թեհրանյան մոլլաների հետ ձեւավորած առանցքն իրենից  ծայրահեղ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ մեր արաբ բարեկամների համար: Իրանը եւ Ասադի վարչակազմն ահաբեկչության հովանավորներ են, որոնք բռնություններն իրականացնում են Ռուսաստանի պաշտպանության ներքո»,-կարծիք է հայտնում Բոլթոնը: 

Աղբյուր՝ The Wall Street Journal 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝