ԱՄՆ-ում հետաքննում են Ջարեդ Քուշների գործնական կապերը

zyat-trampa-dzhared-kushner-vozglavit-podrazdelenie-v-belom-dome

«Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ուսումնասիրում է Ջարեդ Քուշների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի եւ խորհրդականի գործնական եւ ֆինանսական գործարքները 2016թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի շրջանակներում»,- գրում է The Washington Post-ը:

«ՀԴԲ-ի գործակալները եւ դաշնային դատախազները նույնպես ուսումնասիրում են Թրամփի մյուս գործընկերների ֆինանսական գործերը, մասնավորապես ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի, Թրամփի ընտրական շտաբի նախկին նախագահ Փոլ Մանաֆորթի եւ քարոզչության միջազգային քաղաքականության հարցերով խորհրդական Քարթեր Փեյջի»:

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ հետաքննիչները փորձում են պարզել Քուշների՝ դեկտեմբերին ռուսաստանցիների հետ ունեցած հանդիպումների մանրամասները՝ սկզբում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի, այնուհետ «Վնեշէկոնոմբանկի» ղեկավար Սերգեյ Գորկովի հետ: Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ Քուշներն առաջարկել է կարգավորել շփումները Թրամփի ներկայացուցիչների եւ Կրեմլի միջեւ:

«Սպիտակ տունը հայտնել է, որ բանկիրի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել երդմնակալությունից առաջ, դիվանագիտական է եղել եւ չի վերաբերվել գործնական հարցերին: Մինչդեռ «Վնեշէկոնոմբանկից», որը ենթարկվել էր ամերիկյան պատժամիջոցներին՝ կապված Ղրիմի անեքսիայի հետ, հայտնել են, որ հանդիպումը գործնական է եղել: Այդ պահին Քուշների ընկերությունը փնտրում էր ֆինանսավորում Նյու Յորքում 1,8 մլրդ դոլար արժողությամբ գրասենյակ ձեռք բերելու համար, ինչն էլ առիթ է տալիս մտածելու, որ այդ ամենը վերաբերել է նաեւ Քուշների անձնական ֆինանսական հարցերին»,- նշում են հոդվածի հեղինակները:

«Մյուլերի հետաքննությունը գտնվում է նախնական փուլում, եւ դեռեւս հայտնի չէ, թե արդյոք քրեական մեղադրանք առաջադրվելու է ավարտից հետո: Քուշները նախկինում արդեն ցանկություն է հայտնել Ռուսաստանի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել Կոնգրեսին, որոնք իրեն հայտնի են»,- նշում է թերթը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝