«Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմն աղետալի կլինի». Պենտագոնի ղեկավար

Снимок

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ եթե հյուսիսկորեական ճգնաժամը չհաջողվի կարգավորել դիվանագիտական ճանապարհով եւ գործը հասնի պատերազմին, ապա տեղի կունենա սարսափելի արյունահեղություն»,-գրում է գերմանական Bild հանդեսը:

«Դա կլինի ամենասարսափելի հակամարտությունը, որը մենք երբեւէ տեսել ենք մեր կյանքի ընթացքում»,-նշել է Մետիսը: Նրա խոսքերով՝Հյուսիսային Կորեայի վարչակազմի տնօրինության տակ կան հարյուրավոր հրետանային զինատեսակներ եւ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ Սեուլը, որը բաժանարար գծից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում:  

«Հյուսիսկորեական վարչակազմն իրենից վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար՝ առաջին հերթին Հարավային Կորեայի, իսկ պատերազմի դեպքում նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի համար»,-ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

«Օրերս Հյուսիսային Կորեայի բանակն իրականացրել է հերթական հրթիռային փորձարկումը: Հրթիռն ընկել է մեկնարկային կետից 400 կմ հեռավորության վրա՝ Կորեան եւ Ճապոնիան բաժանող ծովի մեջ: Փխենյանի քարոզչամեքենան հայտարարել է, որ փորձարկվել են թեւավոր հրթիռներ, որոնք ի զորու են բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները: Ընդհանրապես, վերջին շրջանում Հյուսիսային Կորեան ակտիվորեն զբաղված է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների մշակմամբ: Դրանց թիրախում կլինեն ԱՄՆ-ի տարածքները՝ մասնավորապես Լոս-Անջելես եւ Նյու-Յորք քաղաքները»,- եզրափակում է Bild-ը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝