Պուտինը նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերում ծայրահեղականներին

0210-2017_rus

«Ռուսաստանը գումարային ներարկումների միջոցով աջակցություն է ցուցաբերում ծայրահեղական կազմակերպություններին՝ Եվրոպայի ապակայունացման նպատակով: Հովանավորներն անմիջական կապ ունեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-գերմանական Bild հանդեսում գրում է Ֆիլիպ Պյատովը:

«Ռուսաստանյան փողերով թեժացնում են հակամարտությունները Հարավ-արեւելյան Եվրոպայում: Օրինակ, ֆինանսական միջոցներ են հատկացվում հունգարական աջակողմյան ծայրահեղական «Հանուն ավելի լավ Հունգարիայի» կազմակերպությանը: Գումարներ են ստանում նաեւ Չեխիայի ծայրահեղականները, որպեսզի հանրահավաքներ կազմակերպեն: Իսկ Սլովակիայում նման աջակցությունից օգտվում են եւ աջակողմյան, եւ ձախակողմյան ծայրահեղական շարժումները, որոնք ՆԱՏՕ-ին դեմ դիրքորոշում ունեն եւ պահանջում են երկիրը դուրս բերել դաշինքի կազմից»:

«Գումարները հատկացնում է բելառուս գործարար Ալեքսանդր Ուսովսկին: Վերջինս հարցազրույցներից մեկի ժամանակ դա խոստովանել է: «Քաղաքական կողմնորոշումն ինձ համար կարեւոր չէ: Լեհաստանում եւ Հունգարիայում ես աշխատում եմ աջերի հետ, Չեխիայում եւ Սլովակիայում՝ ձախերի»,-ասել է գործարարը: Ուսովսկին մի շարք գրքերի հեղինակ է՝ այդ թվում «Ինչպես Չերչիլը սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը» եւ «Աստված պահի Ստալինին» գործերի»:

«Նման հովանավորչությամբ է զբաղված նաեւ ռուսաստանցի օլիգարխներից մեկը, ով կապեր ունի Կրեմլի հետ: Նա Պուտինի համակիրներից է՝ ազդեցիկ եւ ծայրահեղական հայացքներով հայտնի Կոնստանտին Մալոֆեեւը: Նրան արտասահմանում լավ են ճանաչում: Ուկրաինական իշխանությունները նրա դեմ քննություն են սկսել՝ կապված անօրինական զինված ստորաբաժանումների ֆինանսավորման հետ: 2014թ.-ին Եվրամիությունը սառեցրեց Մալոֆեեւի հաշիվները եւ արգելեց նրա մուտքը ԵՄ տարածք»:

«Կոնստանտին Մալոֆեեւը 2014թ.-ին հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Գործարարը համարվում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ջերմ երկրպագու: Մալոֆեեւը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի վերածննդի մասին, Պուտինին կոչել է Աստծո պարգեւած առաջնորդ, իսկ Եվրամիությանը՝ անողոք, անդեմ կազմակերպություն»,-գրում է հեղինակը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝