Կարո՞ղ են արդյոք իրականում Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարել

694940094001_5323543204001_Flynn-s-resignation-Trump-scandal-Dems-want-or-leaks

«Վաշինգտոնում «իմփիչմենթ» տերմինն այնքան էլ հաճախ չի շրջանառվում, սակայն վերջին հայտարարություններից հետո, որ Դոնալդ Թրամփը խոչընդոտում է իր շտաբի եւ Ռուսաստանի հնարավոր կապերը հետաքննող արդարադատությանը, այդ բառն ավելի ու ավելի հաճախ է հնչում»,- գրում է Սեմ Ֆլեմինգը Financial Times-ում:

«Բուռն զայրույթ առաջացրեց ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հրապարակած զեկուցագիրը, որում նշվում է, որ նախագահը հրահանգել է իրեն դադարեցնել ազգային անվտանգության գծով իր խորհրդական Մայքլ Ֆլինի գործողությունների հետաքննությունը»:

«Արդարադատության իրացմանը խոչընդոտելը բազմանշանակ խնդիր է եղել ամերիկյան նախագահների կառավարման պատմական փուլերում. նման  մեղադրանք է ներկայացվել եւ Ռիչարդ Նիքսոնին, եւ Բիլ Քլինթոնին: Կա՞ արդյոք Թրամփին պաշտոնանկ անելու իրական հնարավորություն: Դա ավելի շատ կախված է քաղաքականությունից, քան իրավական վերլուծությունից, նաեւ նրանից, թե կհասկանա՞ արդյոք նախագահն իրավիճակի լրջությունը եւ կփոխի իր ուղեգիծը»,-նշում է հեղինակը:

«Ամերիկյան երկու կուսակցությունների պատգամավորներն էլ անհանգստացած են Թրամփի կողմից Քոմիի պաշտոնանկությամբ: Եթե պարզվի, որ ավելի վաղ նախագահը հրահանգել է Քոմիին դադարեցնել Ռուսաստանի հետ Ֆլինի կապերի մասով հետաքննությունը, Թրամփը խոցելի կդառնա մեղադրանքների առջեւ»:

«Նախագահին Սպիտակ տնից կարող է հեռացնել ընտրողների զանգվածը 2020թ.-ի ընտրությունների արդյունքներով, սակայն նրանից ազատվելու եւս երկու միջոց կա: Առաջին. պաշտոնանկ անել պաշտոնով նախատեսված իրավունքները եւ պարտականություններն իրագործելու անկարողությամբ պայմանավորված: Շատերը, սակայն, պնդում են, որ այդ մեխանիզմի կիրառման նախադեպը չկա: Երկրորդ. առավել իրատեսական ճանապարհը՝ իմփիչմենթը»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Դրա համար կպահանջվի, որպեսզի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն լսումներ ձեռնարկի, ինչից հետո պալատի պարզ մեծամասնությունը կարող է կողմ քվեարկել իմփիչմենթին: Այդ վերջին քայլը հավասարազոր կլինի մեղադրանք ներկայացնելուն: Այնուհետ գործը կտեղափոխվի Սենատ, որտեղ ձայների 2/3-րդը բավարար կլինի նախագահին պաշտոնանկ անելու համար»:

Հոդվածագիրը հիշեցնում է. «1998թ.-ին Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Բիլ Քլինթոնի իմփիչմենթին՝ կապված Մոնիկա Լեւինսկիի մասնակցությամբ սկանդալի հետ, սակայն Կոնգրեսն այդ որոշումը հավանության չարժանացրեց: Նախագահ Նիքսոնն Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով հեռացավ պաշտոնից՝ չսպասելով իմփիչմենթին, իսկ 19-րդ դարում դրանից հազիվ խույս տվեց նախագահ Էնդրյու Ջոնսոնը»:

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝