Թրամփը չափազանց շատ էմոցիոնալ կախվածություն ունի, որպեսզի նախագահ լինի

image

«Ամենից շատ Դոնալդ Թրամփին բնորոշ է գերազանցելու ձգտումը,- The Guardian-ում գրում է Ռիչարդ Վոլֆը: – Նա կառուցում է ամենաբարձր հյուրանոցները: Նա ամենահաջողակ գործարարն է»:

«Սակայն, այն բանից հետո, երբ Թրամփն անզգուշաբար ռուսներին հայտնեց հույժ գաղտնի տեղեկատվությունը, նա կարող է անխոհեմի կոչման ամենաբարձր աստիճանով գերազանցել բոլոր նախկին նախագահներին, անգամ Բուշին, ով մտածում էր, որ Իրաք ներխուժումը շատ դյուրին ընթացք կունենա»,- գրում է Վոլֆը:

«Երեւում է, որ Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում այն հարցում, որ այդքան մոտ է Ռուսաստանին՝ բերանից շաղ տալով մեր ամենաարժեքավոր հետախուզական տվյալները: Նա այնքան ջանադրաբար է ուզում տպավորություն գործել ռուսների վրա, որ չի տեսնում Ամերիկայի շահերի եւ սեփական էմոցիոնալ կախվածության միջեւ եղած տարբերությունը: Ամերիկան առաջին տեղում է. նշանակում է, որ Թրամփը եւս առաջին տեղում է, այնպես որ, եթե նա ցանկանում է պարծենալ իր երդմնակալության ժամանակ ներկա գտնվողների մեծ քանակությամբ կամ էլ իր հետախույզների հաշվետվություններով, ամեն ինչ լավ է: Ինչպես սիրում էր ասել Ռիչարդ Նիքսոնը, եթե դա անում է նախագահը, ուրեմն դա անօրինական չէ»:

«Եվ, առհասարակ, ի՞նչ էին անում Ռուսաստանի ԱԳ նախարարը եւ ռուսաստանցի դեսպանն Օվալաձեւ կաբինետում՝ Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելու հաջորդ օրը: Թրամփն ի վիճակի չէ՞ հասկանալ, որ նրանց ներկայությունն այնտեղ կարող է հաստատել Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենալու վերաբերյալ մտավախությունները,- հարցնում է Վոլֆը: – Պարզ պատասխան. Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում ռուսների հետ համագործակցելու մեջ, եւ նրանում, որ Օվալաձեւ կաբինետ էր հրավիրել նրանց լուսանկարչին: Վլադիմիր Պուտինը կարիք չունի գաղտնալսել ԱՄՆ-ի նախագահին, ով պատրաստ է անձամբ իր ընկերներին հաղորդել ազգային անվտանգության հսկայական ենթակառուցվածքների բոլոր օգտակար տեղեկությունները»:

«Ըստ տեղեկությունների, նա ռուսաստանյան աղբյուրներից մի քանի տասնյակ միլիոն դոլար է ստացել: Թրամփի ձախողումը հաղթող է դարձնում միայն Պուտինին: Մի քանի միլիոն դոլարի եւ էլեկտրոնային նամակների օգնությամբ նա արատավորեց եւ ապակայունացրեց ամբողջ արեւմտյան դաշինքը, հետախուզական գործողությունները եւ ԱՄՆ-ի բարոյական հեղինակությունը»,- ասվում է հոդվածում:

«Քլինթոնը հեռուստատեսությամբ նախազգուշացրեց, որ Թրամփը Պուտինի խամաճիկն է: Նրա պատասխանի մեջ կար այնքան սարսափ, որքան մանկամտություն: «Այդ դու՛ք եք խամաճիկը»,- փնթփնթաց նա: – Այդ ժամանակ Քլինթոնը չէր կարող իմանալ, թե որքան փայտյա է այդ Պինոկիոն»,- եզրափակում է Վոլֆը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝