Քոմին պատրաստվում է վրեժխնդիր լինել Թրամփից

Джеймс-Коми-ФБР

«Ջեյմս Քոմին՝ ՀԴԲ-ի տնօրենը, ում աշխատանքից հեռացրեց Դոնալդ Թրամփը, ով սպառնալիքների ու հարձակումների էր ենթարկվել նրա կողմից, պատրաստվում է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ի նախագահից՝ հրապարակայնորեն նրա դեմ վկայություններ տալով Կոնգրեսում,- The Times –ում գրում է Թոբի Հարնդենը: -Թեեւ Քոմին հրաժարվեց հանդես գալ Սենատի փակ լսումներին, նա իր ընկերների միջոցով ակնարկեց, որ ցանկանում է հաշիվ պահանջել Թրամփից բաց նիստի ժամանակ, որը կարող է դառնալ ԱՄՆ-ի քաղաքական պատմության կարեւոր իրադարձություններից մեկը՝ բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը գրավելով»:

«Թրամփը մեղադրել է իր մամլո ծառայության աշխատակիցներին այն բանի համար, որ նրանք չեն կարողացել համոզիչ փաստարկներ ներկայացնել Քոմիին աշխատանքից հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Թրամփը սոցցանցի իր էջում գրել էր. «թող Ջեյմս Քոմին հուսա, որ չկա որեւէ ձայներիզ մեր զրույցներից, երբ սկսի մամուլին տեղեկություններ փոխանցել»:

«Ձայներիզի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունը միմյանց հակասող պատմությունների հղումն է այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել հունվարի 27-ին՝ նախագահի երդմնակալությունից մեկ շաբաթ անց, ընթրիքի ժամանակ, երբ Թրամփն ու Քոմին առանձին հանդիպում են ունեցել»:

«Քոմին հանրապետական է, ով փորձում է պահպանել անկախ եւ հավասարակշռված անհատի իր հեղինակությունը: Թրամփի շտաբը Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության հարցով գտնվում էր ՀԴԲ-ի հետաքննության ներքո: Ասում են, որ նոր գերագույն գլխավոր հրամանատարը Քոմիին հարցրել է՝ պատրա՞ստ է նա արդյոք հավատարիմ լինել: Քոմին չի կարողացել պատասխանել առանց վարանելու: Երբ Թրամփը կրկին հնչեցրել է նույն հարցը ընթրիքի ընթացքում, ՀԴԲ-ի տնօրենն ասել է, որ կարող է խոստանալ ազնիվ լինել, սակայն Թրամփը չի կարող իր վրա հույս դնել քաղաքական առումով: Թրամփը հարցրել է, թե հնարավո՞ր է արդյոք «ազնիվ հավատարմություն»: Քոմին պատասխանել է, որ դրան պատրաստ է»,- ասվում է հոդվածում:

«Քոմին, ով հիմա գտնվում է Վիրջինիա նահանգի Մակլին քաղաքի իր առանձնատանը, ընկերներին հայտնել է, որ ենթադրում է, որ իր ճակատագիրը որոշվել է այդ ընթրիքի ժամանակ, թեեւ Թրամփը նրանից ազատվեց միայն երեք ամիս անց»:

«Ըստ Թրամփի, Քոմիի՝ ընթրիքի մասին հաշվետվությունը հորինվածք է: Իրականում, ինչպես հայտնել է նախագահը, հանդիպում խնդրել է Քոմին եւ հանդիպման ընթացքում աղերսել է իրեն թողնել իր պաշտոնին: Թրամփը պնդում է, որ չի եղել հավատարմության ոչ մի խնդրանք եւ որ նա Քոմիից ստացել է հավաստիացումներ, որ չի գտնվում ՀԴԲ-ի հետաքննության տակ»,- հայտնում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝