Պուտինին փայլուն աշխարհաքաղաքական խաղացող համարելը տեղին չէ

1002208252

«Ժամանակ առ ժամանակ մարդիկ հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինը չափազանց իրավասու եւ հաջողակ աշխարհաքաղաքական խաղացող է»,- The Washington Post-ում գրում է Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը:

«Երբ սկսվեց Մայդանի ժողովրդական շարժումը, Պուտինի վստահեցումները ստացած Յանուկովիչը դաժան բռնություններով ճնշեց խռովությունը, ինչի արդյունքում սպանվեց ավելի քան 100 մարդ: Դա աղետ էր երկու առաջնորդների համար: Յանուկովիչը 2014թ.-ին լքեց իր երկիրը, իսկ Պուտինը լուծեց Ղրիմի հարցերը եւ փորձեց Ուկրաինայից առանձնացնել այսպես կոչված Նովոռոսսիան: Կրեմլում կարծում էին, որ դա այնքան էլ բարդ գործ չէ: Սակայն ամեն ինչ ձախողվեց»,-կարծիք է հայտնում հեղինակը:

«Այսօր Կրեմլի աջակցությունը վայելող անջատողականները, ովքեր վերահսկում են Ուկրաինայի տարածքի 7%-ը, կարիք ունեն միլիարդավոր ռուբլիների հասնող մշտական ֆինանսավորման: Ռուսաստանի դեմ կիրառվեցին պատժամիջոցներ: Հակամարտության ընթացքում զոհվեց շուրջ 10 հզր մարդ, մոտ 3 մլն.-ը դարձան հարկադիր վերաբնակեցվածներ: Իսկ Ուկրաինան վերականգնվեց աղետալի ֆինանսական իրավիճակից հետո, ամրապնդեց իր ժողովրդավարությունը, սկսեց կայուն բարեփոխումներ, Եվրամիության հետ ստորագրեց ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրեր: Միեւնույն ժամանակ, ԵՏՄ-ն ոչ նպատակային կառույցի է վերածվում, ծվատվում է վեճերից եւ կորցնում իր նշանակությունը»,-գրում է Բիլդտը:

«Ուկրաինան միավորվում է ընդդեմ Ռուսաստանի, ուկրաինացիների նոր սերունդն այդ երկիրն ընկալում է որպես թշնամի: Պուտինն, իհարկե, կցանկանար պատմության էջերում մնալ որպես Ղրիմը վերադարձրած առաջնորդ: Սակայն Ղրիմի հարցը դեռ բաց է, իսկ Պուտինը կորցրեց մնացած ամեն ինչը: ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվել են Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, ամբողջ Եվրոպայում աճում են պաշտպանական ծախսերը, Վրաստանը Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմ սահմանեց, եւ անգամ Բելառուսում է անհանգիստ»:

«Ուկրաինան այլեւս երբեք չի շրջվի դեպի Կրեմլը: Ես չեմ զարմանա, եթե ապագայի պատմաբանները դա ընկալեն որպես ավելի նշանակալի աշխարհաքաղաքական աղետ, քան ԽՍՀՄ-ի փլուզումն էր: Ուկրաինական աղետից, որը Կրեմլում նստած մեկ մարդու արարչագործությունն է, կարելի էր խուսափել: Այնպես որ Վլադիմիր Պուտինին փայլուն աշխարհաքաղաքական խաղացող համարելը տեղին չէ»,-եզրափակում է Կառլ Բիլդտը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝