Ռուսաստանը պատերազմում է Արեւմուտքի դեմ, իսկ Չեռնոգորիան հայտնվել է թիրախում

suzavac

«Բալկանյան փոքրիկ երկիրը պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ 29-րդ պետությունը: Ռուսաստանը, վշտացած այն փաստից, որ նախկին հարավսլավական հանրապետությունը խարիսխ է գցում Արեւմուտքի ափերին, պայքարում է մինչեւ վերջ, որպեսզի խափանի Չեռնոգորիայի եւ դաշինքի մերձեցումը»,- Le Figaro հանդեսում գրում է Իզաբել Լասսերը:

«Պատմության ընթացքում արդեն 4-րդ անգամ չեռնոգորյան առաջնորդը փորձում է միավորել երկիրն Արեւմուտքի հետ: Միլո Ջուկանովիչի նախորդները կամ սպանվել են, կամ դարձել վտարանդի: Այսօր 600 հզր բնակչություն ունեցող փոքրիկ պետությունը մոտ է իր նպատակին: ՆԱՏՕ-ն այլեւս երազանք չէ, եւ անգամ Մոսկվան ի վիճակի չէ ընդդիմանալ այդ գործընթացին»:

«Կրեմլը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելյան Եվրոպա համարում է Ռուսաստանին ուղղված գլխավոր սպառնալիքներից մեկը: Հանուն նման գործընթացների տապալման, Մոսկվան 2008թ.-ին զորք մտցրեց Վրաստան, իսկ 2014-ին՝ Ուկրաինա, այնուհետ ուղղակի եւ անուղղակի կերպով մասնակցեց Չեռնոգորիայի վարչապետի դեմ դավադրությանը: Հեղաշրջումը ենթադրում էր Միլո Ջուկանովիչի սպանությունը եւ նրա փոխարեն ռուսաստանյան շահերը սպասարկող գործչի նշանակումը: Շուրջ 2 տասնյակ սերբ ազգայնականներ եւ ՌԴ 2 քաղաքացիներ մեղադրվեցին պետական հեղաշրջման փորձի մեջ»,-նշվում է հոդվածում:

«Բալկանյան վերջին պատերազմներից հետո երկրի առաջնորդ Ջուկանովիչը սովորեց քաղաքական շախմատ խաղալ մի քանի խաղատախտակների վրա՝ 2006թ.-ին Սերբիայից անկախացած փոքրիկ երկրի շահերի պաշտպանության համար հավասարակշռություն պահպանելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Նրա ռազմավարական վարպետության շնորհիվ Չեռնոգորիան դարձավ նախկին Հարավսլավիայի միակ հանրապետությունը, որն ազատություն եւ անկախություն ձեռք բերեց առանց պատերազմների: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Չեռնոգորիան մերձեցավ Եվրամիության հետ եւ աջակցեց Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները»:

«Ռուսաստանն այժմ աջակցում է սերբամետ ազգայնական կուսակցություններին, որոնք դեմ են հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին եւ ցույցեր են կազմակերպում Պուտինի պատկերով  վերնաշապիկներ հագած: Չեռնոգորյան հասարակությունը պառակտված է. ոմանց համար ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը երկրի անկախության եւ կայունության երաշխիք է, մյուսները՝ գերազանցապես սերբերը (բնակչության 30%-ը), եւ նրանց ռուսամետ համակիրները ցանկացած հարմար պահի խորհրդարանի առջեւ այրում են ՆԱՏՕ-ի դրոշները»:

«Միլո Ջուկանովիչը վստահ է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Եվրոպայի եւ Արեւմուտքի դեմ, իսկ Չեռնոգորիան հայտնվել է թիրախում: Մոսկվան փորձում է ապացուցել, որ չի հրաժարվելու Բալկաններից եւ պետք է ամրապնդի իր ազդեցության գոտիներից մեկը»:

«Դոնալդ Թրամփի կանաչ լույսն Արեւմուտքի հետ այդ երկրի մերձեցման գործընթացն անշրջելի դարձրեց: Դա տարածաշրջանում մեծ անհաջողություն էր Մոսկվայի եւ լուրջ հաջողություն Պոդգորիցայի համար: Վերջապես Չեռնոգորիան կկարողանա իսպառ ձերբազատվել կոմունիստական մենթալիտետից»,-հայտնել է Չեռնոգորիայի «Ատլանտյան միության» նախագահ Սավո Կենտերան:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝