ԱՄՆ-ն «ծուղակում» է. Թուրքիան դաշնակից է, իսկ քրդերը՝ գործընկեր

jointoperationscommand1

«Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինծառայողները հազվադեպ են բարձրացնում իրենց աստղազարդ դրոշը զինտեխնիկայի վրա: Սովորաբար նրանք փորձում են չտարբերվել, իսկ հատուկ ջոկատայինները կարող են կրել նաեւ տեղի զինվորական համազգեստներ»,- գրում է The Wall Street Journal-ը:

«Սակայն հիմա Սիրիայի հյուսիսում ամերիկյան առաքելության շրջանակներում նրանք չեն թաքցնում ամերիկյան դրոշը: Նպատակն այն է, որ կանխեն իրենց ՆԱՏՕ-ական գործընկեր Թուրքիայի հարձակումները սիրիական քրդերի հիմնական ուժերի ուղղությամբ՝ հայտնի որպես Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ (YPG), որոնք համարվում են Ամերիկայի առանցքային գործընկերները «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- գրում է հոդվածի հեղինակ Յարոսլավ Տրոֆիմովը:

«Այդ անսպասելի դասավորվածության մեջ Ռուսաստանը նույնպես հանդես է գալիս իր դրոշով: Նրա փոքր, հազիվ նկատելի ստորաբաժանումները տեղակայված են սիրիական Աֆրինի քրդական անկլավում: Ռուսաստանյան եւ սիրիական վարչակազմերն ավելի շատ են համագործակցում YPG-ի հետ, ինչպես Ամերիկան, եւ չեն թաքցնում Թուրքիային դիմագրավելու իրենց գործողությունները»,- շարունակում է հեղինակը:

«Այդ սյուռեալիստական առճակատումը ցույց է տալիս, թե ինչպես Սիրիայի 6-ամյա պատերազմը շուռ տվեց տարածաշրջանային դաշինքները, ինչպես նաեւ ցույց է տալիս, որ Ամերիկան պատրաստ է պայքարել ԻՊ-ի դեմ նույնիսկ Թուրքիայի՝ 80 մլն բնակչություն ունեցող տնտեսական տերության, ՆԱՏՕ-ում զինուժի հզորությամբ երկրորդը համարվող եւ ամբողջ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրի հետ հարաբերությունների գնով»,- նշում է Տրոֆիմովը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա փորձում է համոզել գերտերություններին, որ Թուրքիայի շահերը չի կարելի արհամարհել, եւ սիրիական քրդերի ոչ մի ներդրում չունի Անկարայի հետ հարաբերության արժեքը: Նա այցելեց Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, մտադիր է նաեւ Վաշինգտոնում հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսի կեսերին: Նրա հիմնական մտադրությունն է խափանել ԱՄՆ-ի ծրագրերը՝ կապված Ռաքքայում մնացած ԻՊ-ի հիմնական հենակետը գրավելու ժամանակ YPG-ի զորքերն օգտագործելու հետ: Թուրքիան անցած շաբաթ միաժամանակ հարվածներ է հասցրել Սիրիայում YPG-ի եւ Իրաքի հյուսիսում Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության ռազմաբազայի ուղղություններով»:

«Էրդողանը ցանկանում էր ապացուցել ԱՄՆ-ին եւ կոալիցիային, որ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի աճի դեպքում պատրաստ կլինի միակողմանի ձեռնարկել գործողություններ սեփական շահերը պաշտպանելու համար,- կարծում է անվտանգության հարցերով վերլուծաբան, թուրք դիվանագետ Այդին Սելջենը: -Նրա կարծիքով, ավիահարվածները թույլ կտան Էրդողանին խոսել ուժի լեզվով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ»:

«Ներկա դրությամբ Սիրիայում YPG-ը, ի տարբերություն Իրաքի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, չի իրականացրել ոչ մի նշանակալի գործողություն Թուրքիայի դեմ՝ մասամբ պայմանավորված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազդեցությամբ»,- գրում է լրագրողը:

«Ամերիկացիները գիտեն, որ YPG-ի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիքներ չկան, այնպես որ, Թուրքիայի փաստարկները համոզիչ չեն»,- հայտնել է քուրդ վերլուծաբան Մութլու Չիվիրօղլուն:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝