Այս անգամ Պուտինը ճիշտ քայլ է կատարում Սիրիայում

Untitled-1

«Կարծես թե Պուտինը կրկին Սիրիայում ռազմավարական առավելություն եւ նախաձեռնություն ձեռք բերեց. նա հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի  ղեկավարների հետ քննարկելուց հետո Սիրիայում ապահովելու է մարդասիրական անվտանգության գոտիների աջակցությունը»,- The Guardian թերթում գրում է Doctors Under Fire կազմակերպության տնօրեն Համիշ դը Բրեթոն-Գորդոնը:

«Պուտինը հայտարարում է, որ ի վիճակի է ապահովել հրադադարը, պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Աստանայում մի քանի շաբաթ առաջ եւ որն այժմ համարվում է ձախողված: Միեւնույն ժամանակ ռուսաստանցի, թուրք եւ ամերիկացի զինծառայողները տարածքում կպաշտպանեն անվտանգության գոտիները: Նա նաեւ, բարեբախտաբար, ընդունում է, որ կարող է ՄԱԿ-ի զորքերի կարիքը նույնպես զգացվի»,- նշում է հեղինակը:

«Հաճելի չէ համաձայնվել Պուտինի հետ՝ գիտենալով վեցամյա քաղաքացիական պատերազմի, ավելի քան 500 հազար զոհերի, քիմիական զենքի օգտագործմամբ բազմաթիվ գրոհների մասին, սակայն եթե նա եւ նախագահ Թրամփը կարողանան ապահովել ժնեւյան գործընթացը, որպեսզի հասնեն ժողովրդավարական որոշման, ես, օրինակի համար, պատրաստ եմ աջակցել եւ ջանքեր գործադրել»:

Բրեթոն-Գորդոնը կոչ է անում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին «գլուխը դուրս հանել» Brexit-ի ճահճից եւ ընտրություններից, դիվանագիտական եւ ռազմական հմտություններ ցուցադրել այդ կործանվող երկրին աջակցելու համար:

«Սիրիական օդուժին պետք է արգելվի թռչել անվտանգության գոտիներում, ինչը կախված է Պուտինից: Մենք պետք է համակերպվենք անվտանգության ապահովման գոտիներում ռուսաստանյան եւ իրանական բանակների ներկայության հետ, եւ քանի որ նրանք արդեն այնտեղ են, կարող են արագացնել հրադադարի գործընթացը,- նշում է հեղինակը: -Սակայն, որպեսզի ապահովեն վերահսկողություն եւ  կառավարում, դա պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո, համաձայն ՄԱԿ-ի կանոնների եւ գործողության միջոցների»:

«Որքան էլ գարշանք զգամ՝ աջակցելով Պուտինի նախաձեռնությանը, հատկապես գիտենալով, որ նրա ուժերը պայթեցնում էին «Բժշկական օգնության սիրիական կազմակերպությունների միության» մեր հիվանդանոցները եւ սպանում էին մեր աշխատակիցներին, ես կոչ եմ արել ստեղծել անվտանգության գոտիներ Սիրիա կատարած իմ առաջին այցի ժամանակ եւ շարունակելու եմ դա անել Սիրիայի բարօրության համար,- պնդում է փորձագետը: -Բացի դրանից, շատերի հետ միասին ես շարունակելու եմ հավաքել ապացույցներ, որպեսզի նրանք, ովքեր մեղավոր են բազմաթիվ դաժանությունների ու հանցագործությունների համար, վաղ թե ուշ ենթարկվեն պատասխանատվության ՄԱԿ-ի միջազգային դատարանում»:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝