«Պուտինին գահընկեց կանեն». ռուսաստանցի այլախոհ

image

«Բաց Ռուսաստան» հասարակական շարժման առաջնորդ Վլադիմիր Կարա–Մուրզան, ով երկու անգամ հազիվ փրկվեց խորհրդավոր հանգամանքներում մահանալուց, Նյու Յորքում հարցազրույց է տվել գերմանական Bild-ին: Հարցազրույցում «ռուսաստանցի ամենակարեւոր այլախոհը» հայտարարել է, որ «մթնոլորտը հագեցած է ռուսաստանյան գարունով, որի ժամանակ երիտասարդ սերունդը կարող է Պուտինին պաշտոնանկ անել»:

«Նման կոռումպացված եւ բռնապետական վարչակարգով Ռուսաստանն ապագա չունի»,- համոզված է Կարա-Մուրզան:

«Արդեն մարտի վերջին մենք ականատես եղանք «երկրաշարժի»: 84 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Վլադիվոստոկ, իսկ դա 11 ժամային գոտի է, տեղի են ունեցել ցույցեր: Դրանք բողոքի ամենածավալուն ցույցերն էին Խորհրդային Միության փլուզումից հետո: Ամենահուսադրողն այն է, որ այդ ցույցերին մասնակցում էին հիմնականում երիտասարդները, սերունդ, որը մեծացել է Պուտինի օրոք եւ բացի նրանից ուրիշի չի ճանաչում»,- ընդգծել է ընդդիմադիրը: «Երիտասարդությունը հոգնել է: Պուտինն իշխանության ղեկին է արդեն 17 տարի: Երիտասարդությունն ամբողջ կյանքի ընթացքում ուրիշ ոչ ոքի չի տեսել: Միայն նրա դեմքը հեռուստատեսությամբ: Սակայն այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում չորս նախագահ է փոխվել»:

AED56D86-434A-486C-A020-51C234556D46_w650_r1_s

«Կոռուպցիան նույնպես դերակատարում ունի,- շարունակում է Կարա-Մուրզան: -Պուտինյան ընկերները միլիարդատերերն են, ովքեր գողանում են հասարակ քաղաքացիների փողերը: Մարդու իրավունքի ոտնահարում Ռուսաստանում ամեն օր է տեղի ունենում: Անտանելի է նաեւ լրատվամիջոցների գրաքննությունը: Ռուսաստանցիների համբերությունը սպառվում է: Մի խոսքով, մենք ապրում ենք առանցքային պահ»:

«Ռուսաստանի սահմաններից դուրս հաճախ կարելի է լսել, որ Պուտինը շատ սիրված է իր տանը եւ որ նա 86 տոկոս վարկանիշ ունի: Սակայն ոչինչ այդպես չի մերկացնում այդ սուտը, որքան ռուսաստանյան իշխանությունների գործողությունները,- պնդում է Կարա-Մուրզան: -Եթե նա իրականում այդպես սիրված լիներ, ապա ինչո՞ւ է հետապնդում ընդդիմությանը: Ինչո՞ւ է իշխանությունը կեղծում ընտրությունները: Կամ զբաղվում են գրաքննությամբ, ծեծում են խաղաղ ցուցարարների, ձերբակալում մարդկանց: Սիրված քաղաքական վարչակազմն իրեն այդպես չէր պահի, այդպես գործում են միայն նրանք, ովքեր անհանգստացած են: Իսկ Պուտինն ունի բազմաթիվ պատճառներ դրա համար: Կա պատճառների մի ամբողջ ցուցակ, թե ինչու է ժողովուրդը հիասթափված: Ամենից առաջ դա նրա անսահման միահեծանությունն է»:

Ինչպես նշում է Կարա-Մուրզան, ժողովուրդն ինքն է ցանկանում ընտրել իր ներկայացուցիչներին, ինչպես դա տեղի է ունենում ցանկացած եվրոպական երկրում: «Իսկ վերջին անկախ ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել 2000թ.-ին: Պատճառների թվում են նաեւ գրաքննությունը, քարոզչությունը եւ իշխանության ղեկին գտնվող մի փոքր խմբի սանձարձակությունը, ինչպես նաեւ համատարած կաշառակերությունը: Պանամական փաստաթղթերից մենք տեղեկանում ենք, որ Պուտինի ընկերը՝ ինչ-որ թավջութակահար, ունի երկու միլիարդ դոլար: Իսկ նախկինում մենք մտածում էինք, որ աշխարհի ամենահարուստ երաժիշտը Փոլ Մաքքարթնին է: Ինչ վերաբերում է անձամբ Պուտինին, ապա նրա կարողությունը ոչ մեկին հայտնի չէ: Նա այն թաքցնում է: Նախկինում խոսք է եղել 200 մլրդ դոլարի մասին: Եթե դա այդպես է, ապա Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդն է»,- հայտարարել է Կարա-Մուրզան:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝